Միջազգային միջնորդների «Վեցյակը» մինչ օրս չունի միասնական դիրքորոշում Իրանի միջուկային ծրագրի վերջնական համաձայնագրի որոշ հարցերի վերաբերյալ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը գերմանական Spiegel ամսագրի հետ հարցազրույցում:
«Լոզանում մենք հիմնականում քննարկել ենք բոլոր կետերը, սակայն դրանք հիմա պետք է այնպես ձևակերպենք, որ բոլորին գոհացնի՝ Իրանին, «Վեցյակի» միջնորդներին, ինչպես նաև ԵՄ-ին: Ժամանակի մեծ մասը, ի դեպ, խլում են «Վեցյակում» բանակցությունները: Որոշ հարցերի վերաբերյալ դեռ մինչ օրս միասնական դիրքորոշում չկա»,- հայտարարել է Զարիֆը:
Զարիֆի խոսքով՝ «հասկանալի է, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները հանվելու են» համաձայնագրի ստորագրման արդյունքում, և դա Իրանի համար վճռորոշ նշանակություն կարող է ունենալ:
«Եթե մենք լուրջ առաջընթացի հասնենք ատոմային էներգիայի ծրագրի հարցում, ապա դա կարող է հիմք դառնալ այլ հարցերի լուծման համար»,- ասել է իրանցի նախարարը:










































