Թուրքիայի հայտնի առողջարանային վայրերին սպառնում են հարձակումներ արմատական իսլամիստների կողմից։ Թուրքիայի իշխանությունները լրջորեն անհանգստացած են զբոսաշրջային հանգստի գոտիներում ահաբեկչական գործողություններից։ Արևմտյան երկրները նույնպես անհանգստացած են, սակայն հստակ քայլեր դեռևս մտադիր չեն ձեռնարկել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները միասնական ռազմավարություն չունեն ԴԱԻՇ-ի և այլ արմատական իսլամիստների դեմ պայքարում, որոնց թուրքական իշխանությունները լուրջ սպառնալիք են համարում իրենց երկրի համար։ Իրաքում և Սիրիայում արմատական ջիհադիստների դեմ պայքարի ռազմավարությունը եղել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման երկրորդ օրվա գլխավոր թեման։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում սահմանին մոտ, կարող են տեղափոխվել նաև երկրի տարածք։
«Թուրքիան դաշինքի միակ երկիրն է, որի համար ԴԱԻՇ-ը էական սպառնալիք է ներկայացնում, քանի որ գտնվում է հարևանությամբ»։ Նախարարը նաև նշել է, որ Անկարան արդեն 6 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների ընդունման վրա։
Ավելի վաղ ջիհադիստներն արդեն հայտարարել էին, որ թուրքական լողափերում հանգստացող բրիտանացիները կարող են դառնալ իրենց թիրախ։












































