Մեր հրապարակումից հետո ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից հանվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:
Հիշեցնենք. մենք գրել էինք, որ բոլորովին վերջերս սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք աշխատում են բացառապես թղթադրամների ներբեռնմամբ, ինչպես նաև հայերեն մենյուով: Կոպեկների ներբեռնման տեղ չկա ապարատի վրա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ: Ընդ որում, մենք ֆիքսել էինք, որ այդ ապարատների մոտ մեծ հերթեր էին գոյանում, և մարդիկ շատ դեպքերւոմ իրենց խաղը սկսում էին՝ ներբեռնելով 5000 դրամ:
Մենք գրել էինք նաև, որ այդ ապարատների տեղադրումը սուպերմարկետում օրենքի կոպիտ խախտում է, քանի որ նույն օրենքը սահմանում է, որ նման խաղային ապարատները պետք է տեղակայվեն քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:
Մեր հրապարակումից հետո խաղային ապարատները հանվել են սուպերմարկետի ցանցից: Այդ փաստը հաստատեց նաև «Էլ լոտո»-ի աշխատակիցներից մեկը:
Նշենք, սակայն, որ այդ ապարատները դեռ տեղադրված են և գործում են բոլոր «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակներում և մի շարք գազալցակայաններում, ընդ որում՝ Ավան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող լցակայաններում: Ինչը ևս օրենքի կոպիտ խախտում է: Հատկապես «Գուդ վին»-ի դեպքում, որն առանց այդ էլ չափահասի թե անչափահասի հնարավորություն է ընձեռում խաղալ: Այն դարձել է «ինտերնետ կազինո»և բազմաթիվ ընտանիքների կործանման պատճառ: