Ահաբեկչական խմբավորումը, որը գործում է սիրիական Հալեպ քաղաքի հարավային արվարձանում, խոստովանել է, որ վերջին մեկ օրում սիրիական բանակի կողմից արձակված հրետանային կրակոցների հետևանքով զոհվել է ավելի քան 90 գրոհային։ Այս մասին փոխանցում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սիրիական բանակը, պարզելով Հալեպի արվարձանում ահաբեկիչների հիմնական բազաներն ու թաքստոցները, ծածկել է նրանց զանգվածային հրետանային կրակով։
Միևնույն ժամանակ Լիբանանի հետ սահմանային Կալամուն շրջանում սիրիական զորքերը «Հըզբոլլահի» աջակցությամբ չորեքշաբթի ոչնչացրել են «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» 50 գրոհայինի։
Հաղորդվում է, որ զինված ընդդիմության 30 խմբավորումներ հրաժարվել են ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններից՝ ուղղված 2012-ի ժնևյան կոմյունիկեի իրականացմանը։ Նրանք իրենց հայացքները պարզաբանել են՝ ասելով, որ պատճառը դեսպանորդի այն դիրքորոշումն է, թե Բաշար Ասադը հանդիսանում է հակամարտության լուծման մաս։







































