ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կնոջն աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ նա ծառայողական iPhone-ից ջնջել է գործատուի կողմից տեղադրված հավելվածը, որով ենթակաների գործունեությանը հետևում էին նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին: Այս մասին հաղորդում է The Verge-ն: Միրանդա Արիասը գումարային փոխանցումներով զբաղվող Intermex ընկերությունում աշխատել է որպես վաճառքի տնօրեն:
Համաձայն տեղի դատարան ներկայացված հայցի՝ Արիասի ղեկավար Ջոն Սթյուբիթսը նրան աշխատանքից հեռացրել է մի քանի շաբաթ անց, երբ իմացել է, որ նա ջնջել է Xora StreetSmart հավելվածը, որից ընկերության աշխատակիցները պարտավոր էին օգտվել: Պահանջվում էր այն միացված թողնել նաև ոչ աշխատանքային ժամերին:
Արիասը գործատուին մեղադրում է իր անձնական կյանքի իրավունքը խախտելու, անբարեխիղճ բիզնես վարելու մեջ և այլն: Հայցորդը որպես վնասի փոխհատուցում պահանջում է 500 հազար դոլար:











































