ԱՄՆ-ում թռչնագրիպով վարակված հավերի ու հնդկահավերի թիվը հասել է 32 միլիոնի։ Այս մասին հայտնել են ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները՝ փոխանցում է TASS գործակալությունը։
H5N2 վիրուսից առավելապես տուժել են Նեբրասկա և Այովա նահանգները։ Այովայում, որը ԱՄՆ շուկայում հավկիթի առաջատար մատակարարներից մեկն է, կապված թռչնագրիպի բռնկման հետ՝ մայիսի սկզբին արտակարգ դրություն է հայտարարվել։ Ապրիլին նման որոշման մասին էին հայտարարել նաև հարևան նահանգները՝ Մինեսոտան և Վիսկոնսինը։
Ընտանի թռչունների թվաքանակի կտրուկ անկումը մի շարք նահանգներում արդեն հանգեցրել է հավկիթի և թռչնամսի գների կտրուկ աճի։
ԱՄՆ-ում դիտվել են նաև H5N8 վիրուսով վարակվածության դեպքեր։ Վիրուսի այդ երկու շտամներով վարակվածության դեպքեր են արձանագրվել 16 նահանգներում։











































