Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկրտուքից տուժած երկրորդ տղային՝ Մուշեղ Զաքարյանին, այսօր կվիրահատեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին նրա հարազատները: Վերջիններիս խոսքով՝ վիրահատությունը ցուցված էր ավելի վաղ, սակայն լրացուցիչ հետազոտությունների կարիք է զգացվել, ինչի պատճառով էլ այն հետաձգել է:
«Մուշեղի վիճակը ևս շատ վատ է, բազմաթիվ վնասվածքներ ունի, գլուխն է վնասված: Հիմա լրացուցիչ հետազոտություններ է անցել, անալիզներ է տվել, ու դրանց պատախաններից կախված՝ այսօր կամ ամենաուշը վաղը կվիրահատեն»,-ասաց բարեկամներից մեկը:
Ինչ վերաբերում է կուրացած Հարութ Զաքարյանին, ապա նրա փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են, և վաղը նրան կտեղափոխեն Մոսկվա: «Հիվանդանոցն արդեն տվել է իր համաձայնությունը, թղթերը պատրաստ են, ու վաղն արդեն կտեղափոխենք Մոսկվայի առաջատար կլինիկաներից մեկը»,-հավելեց մեր զրուցակիցը:
Իսկ քրեական գործից, հարազատների խոսքով, դեռ որևէ նորություն չկա: Հարութին մեկ անգամ հարցաքննել են, իսկ դեպքի մասնակիցներին ու ականատեսներին այսօր դատախազի հրահանգով պետք է բերման ենթարկեն, քանի որ վերջիններս չեն ներկայացել նախաքննական մարմնին:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ապա, մամուլի հրապարակումների համաձայն, նա արդեն Հայաստանում չէ. նրան հեռացրել են երկրից:
Ի դեպ՝ նշենք, որ տեղեկությունը, թե միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանը հանդիպել և զրուցել է Մուշեղ Զաքարյանի հետ, պարզել եղելությունը, իրականությանը չի համապատասխանում: Տուժողի հարազատներն ասացին, որ դեպքից հետո նման հանդիպում չի եղել: «Նման բան չի եղել, ոչ ոք ոչ մեկի հետ չի հանդիպել: Դրանք սուտ լուրեր են»,- ասացին նրանք:









































