Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը և տեսակետներն առաձին հարցերի կապակցությամբ:
Յոհանես Հանը բարձր է գնահատել այս տարվա մարտ ամսին իր կատարած այցը Հայաստան: Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` նա կարևորել է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն ընդհանուր լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը:
Կողմերը կարևորել են, Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, կառուցողական երկխոսության շարունակումը:











































