Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը, ճապոնացի մասնագետները գրանցել են ճառագայթման ամենաբարձր մակարդակը Ֆուկուսիմա նահանգի առափնյա ջրերում, որտեղ տեղի է ունեցել ԱԷԿ-ի վթարը:
Ռադիոակտիվ յոդ-131-ի մակարդակը ջրում կազմել է 88,5 բեկերել/լ: Այս ուսումնասիրությունները կատարվել են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ջրում մյուս ռադիոակտիվ նյութի` ցեզիում-137-ի առկայությունը նույնպես հասել է ռեկորդային մակարդակի:
Կառավարության ու ատոմակայանը կառավարող TEPCO ընկերության ներկայացուցիչները նշում են, որ մարտ ամսից ի վեր սրանք գրանցված ամենաբարձր ցուցանիշներն են:
Ֆուկուսիմայի ջրերում ռադիոակտիվության բարձրացումը ԱԷԿ-ից վարակված ջրի բաց թողնման հետևանք է: Ինչպես ավելի վաղ էր նշվել, ռադիոակտիվ ջուրը օվկիանոս է լցվել երկրորդ էներգաբլոկում առաջացած ճաքից, որը, սակայն, հաջողվել է փակել:
Միևնույն ժամանակ մասնագետներին անհանգստացնում է ռադիոակտիվ ջուրը, որը կուտակվել է երկրորդ ստորգետնյա թունելում: Որոշ գործողությունների հետևանքով այն հաջողվել է նվազեցնել, սակայն ջրի մակարդակը նորմայից բարձր է 95 սանտիմետրով: Ռադիոակտիվ ջուրը շարունակում են մղել դեպի մյուս ռեակտորների պահոցներ: Այս ամբողջ օպերացիան պետք է տևի 40 ժամ:









































