Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի բացառում, որ 20 տարի անց Ռուսաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ՝ գրում է RIA Novosti-ն:
«Հնարավոր է, օրինակ, Ռուսաստանը դառնա Եվրամիության անդամ: Չէ՞ որ մեր տնտեսությունները փոխլրացնում են միմյանց: Ռուսաստանը կարիք ունի ժամանակակից տեխնոլոգիաների, ԵՄ-ն՝ էներգետիկ ռեսուրսների»,- ասել է Զեմանը:
Խոսելով Ռուսաստանի մասին՝ Զեմանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ այդ երկրում ներկայումս «հիմնականում ժողովրդավարություն է»:
«Նախ՝ ձեզ մոտ գոյություն ունեն ազատ ընտրություններ: Երկրորդ՝ դուք ունեք քաղաքական կուսակցություններ: Կա ընդդիմություն, ճիշտ է՝ թույլ, սակայն դա ընդդիմության խնդիրն է: Յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար և ոչ թե մյուսների: Բացի այդ, ժողովրդավարությունը նաև ապակենտրոնացում է, տարածաշրջանների ինքնակառավարում: Ամենակարևորը՝ որպեսզի գոյություն ունենա իշխանության այնպիսի բաշխում, որը մեծ իրավունքներ կտա տարածաշրջաններին. իմ կարծիքով՝ դա է ժողովրդավարություն տանող ուղին»,- ասել է նա:









































