Լրագրողների հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
– Պարոն Անդրեասյան, սպառողների իրավունքների ոտնահարում չէ՞ այն երևույթը, երբ կտրուկ բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը, բայց դրան զուգահեռաբար չեն բարձրանում քաղաքացիների եկամուտները:
– Էլեկտրաէներգիայի թանկացումը մարդու իրավունքների ոտնահարում չէ, այլ բան է, որ դրան զուգահեռ պետք է բարձրացվեն աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները: Այլ հարց է, որ դա սոցիալական սուր հարց է, և սոցիալական իրավունքների համար պետությունը գլոբալ պարտականություն ունի:
– Պետության կողմից մարդու սոցիալական իրավունքների ոտնահարում չէ՞, երբ թանկացումներին զուգահեռ՝ չի ապահովվում իր քաղաքացիների եկամուտների աճը:
– Որպես սոցիալական պետություն, որը սահմանված է մեր Սահմանադրությամբ, պետությունը պետք է կարողանա ապահովել նվազագույն զամբյուղը: Այս պահին, անկախ թանկացումներից, մեր պետությունը դեռ չի կարողացել լիարժեք ապահովել բազմաթիվ մարդկանց պատշաճ սոցիալական նվազագույն զամբյուղը: Եվ դրա մասին էլեկտրաէներգիայի թանկացման առիթով չէ, որ պետք է հիշենք: Սկսած երևի մեր անկախության առաջին իսկ օրվանից՝ սոցիալական իրավունքները խախտված են ընդհանուր առմամբ, որովհետև Հայաստանում կա աղքատության այնպիսի շեմ, որտեղ մարդկանց նվազագույն կարիքները չեն բավարարվում:
– Դուք հետևո՞ւմ եք արտագաղթի տեմպերին:
– Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, բայց որպես քաղաքացի՝ իհարկե, տեսնում եմ բարձրաձայնումները և մտահոգվում դրանցով:
– Մարդիկ դժգոհ են սոցիալական, իրավական արդարությունից, արդարադատությունից, այդ պատճառով էլ մեկնում են Հայաստանից։
– Արդարության պակասը չի լինում միայն դատարանում, արդարության պակաս լինում է նաև հաց չունենալուց: Եթե մեկը ունի անաշխատ միլիոնավոր եկամուտներ և չգիտի, թե այդ գումարներն ինչպես ծախսի, իսկ մի ուրիշը հացի խնդիր է լուծում, դա էլ է անարդարություն: Եվ դրա համար է, որ մենք խոսում ենք սոցիալական արդարության և արդարադատության պակասի մասին:
– Երբ մարդուն անվանում են «դոդ», դա վիրավորա՞նք է:
– Եթե դուք՝ որպես հասարակություն, այդ բառը գնահատում եք որպես վիրավորանք, ուրեմն դա վիրավորանք է: Իսկ եթե չեք գնահատում որպես վիրավորանք, ուրեմն վիրավորանք չէ:
Հարցուպատասխանն ամբողջությամբ` տեսանյութում։








































