Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Ավիկ Պետրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
25-ամյա Ավիկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրված համակարգչային սաբոտաժի փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-253 հոդվածի 1-ին մասով:
Գործը քննվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Ըստ գործի նյութերի՝ 2013 թվականի նոյեմբերի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, որ «auto.am» կայքը ենթարկվել է հարձակման, բայց հարձակումը կանխվել է կայքի անվտանգությունն ապահովող «Սայբեր Գեյթս» ընկերության կողմից:
Նոյեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ, իսկ հետո հանցափորձը բացահայտվել է, որպես մեղադրյալ ներգրավվել է Ավիկ Պետրոսյանը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 20-ն անց 43 րոպեից մինչև 22-ն անց 52 րոպեն Ավիկ Պետրոսյանը համակարգչային սաբոտաժ կատարելու դիտավորությամբ, նախապես համակարգչի մեջ տեղադրած՝ կայքերի խոցելի մասերի հայտնաբերման՝ սկանավորման համար նախատեսված ծրագրային ապահովման միջոցով, հատուկ կոդի ներդրմամբ հարձակման եղանակով «auto.am» կայքին ուղարկել է 1592 հարցում, որով ծանրաբեռնել է կայքի աշխատանքը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցավոր դիտավորությունը՝ կայքն ուղեփակելն ու ոչ պիտանի վիճակի բերելը, ավարտին չի հասցրել, քանի որ հարձակումը կանխվել է կայքի կիբերանվտանգությունն ապահովող ընկերության կողմից:
Ավիկ Պետրոսյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել համակարգչային սաբոտաժի փորձ կատարելու համար և, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորության աստիճանը, դատապարտել է 1 ամիս կալանքի:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել ամբաստանյալ Ավիկ Պետրոսյանն ու նրա շահերի պաշտպան Հ. Պետրոսյանը:
Բողոքաբերները Ավիկ Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը, ակնհայտ խիստ լինելու պատճառաբանությամբ, համարել էին անարդարացի: Միջնորդել էին պատժի մասով փոփոխել դատավճիռը, Ավիկ Պետրոսյանին կալանքի փոխարեն դատապարտել տուգանքի՝ հոդվածի նույն մասով նախատեսված ավելի մեղմ պատժատեսակի:
Բողոքաբերները նշել էին, որ մեղադրողն էլ էր ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձևով:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պետրոսյան, Ս. Համբարձումյան, Գ. Մելիք-Սարգսյան կազմով, բավարարել է վերաքննիչ բողոքը, պատժի մասով փոփոխել է ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:
Համակարգչային սաբոտաժի փորձի համար մեղավոր ճանաչված Ավիկ Պետրոսյանը դատապարտվել է ոչ թե մեկ ամիս կալանքի, այլ 300 հազար դրամ տուգանքի:









































