Ճապոնիան իններորդ տեղն է զբաղեցրել ազգային զբոսաշրջության մրցունակության վարկանիշային ցուցակում, որը կազմում են Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները: Այս մասին հայտնում է TASS-ը: Այդպիսով, այդ երկրին առաջին անգամ հաջողվել է լինել այդ հեղինակավոր ցանկի առաջատար դիրքում: Վարկանիշի համաձայն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիան զիջել է միայն Ավստրալիային, որը յոթերորդ տեղում է:
«Ճապոնիայում զբոսաշրջության ոլորտում բարձր որակավորված անձնակազմ է աշխատում, իսկ հաճախորդների հետ վարմունքը բարձրագույն գնահատականի է արժանի: Բացի դրանից՝ այնտեղ մշակութային ժառանգության մեծ թվով օբյեկտներ կան, երկրում լավ են պահպանվել կարևոր պատմական հուշարձանները և շինությունները,- ասվում է ֆորումի մեկնաբանության մեջ:- Երկրում նաև հարմարավետ և զարգացած տրանսպորտային ենթակառուցվածք կա: Դա վերաբերում է ինչպես երկաթուղային, այնպես էլ՝ ավիափոխադրումներին»:
Մասնագետները նշում են, որ Ճապոնիան վերջին ժամանակներս առաջընթաց է գրանցել անլար համացանցի ոլորտում, որն օտարերկրացի զբոսաշրջիկների գլխավոր բողոքներից մեկն է եղել:
Սակայն երկիրը ցածր գնահատականներ է ստացել մի շարք ոլորտներում: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների՝ Ճապոնիայում չափազանց թանկ են հասարակական տրանսպորտի տոմսերը, նաև բենզինը: Այդ ցուցանիշով երկիրը 141-ից 126-րդ տեղում է:
2014թ. Ճապոնիա է այցելել 13,4 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, նրանց ընդհանուր ծախսերը կազմել են 16,8 մլրդ դոլար: Տեղի իշխանություններն ակնկալում են, որ մինչև 2020թ. զբոսաշրջային հոսքը կաճի մինչև 20 մլն մարդ տարեկան:










































