Վրաստանի խորհրդարանը կառավարության թարմացված կազմին վստահություն հայտնելու արտահերթ նիստում մանդատներից զրկել է երկու պատգամավորների, ովքեր ներկայացվել էին նոր կաբինետի նախարարական պաշտոններում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ՝ 2014-ի հուլիսին հաստատված կառավարությանը վստահություն հայտնելու հարցն ակտուալ դարձավ այն բանից հետո, երբ ապրիլի 29-ին կաբինետի թվով 7-րդ անդամը՝ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարը լքեց զբաղեցրած պաշտոնը։
Կառավարության նոր կազմը համալրվել է երկու նոր անդամներով։ Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվել էր եվրաինտեգրման հարցերով կոմիտեի նախագահ Թինաթին Խիդաշելին, իսկ շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցրել էր խորհրդարանի գյուղատնտեսական հարցերով կոմիտեի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին։
Խիդաշելիին պատգամավորական մանդատից զրկելու օգտին քվեարկել է 105 խորհրդարանական, Ագուլաշվիլիի պարագայում՝ 104։ Երկու դեպքում էլ միայն մեկ պատգամավոր է դեմ քվեարկել։ «Շնորհակալություն ենք հայտնում նրանց կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում»,- ասել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին։
Կառավարության թարմացված կազմում կա ևս մեկ նոր նախարար։ Նա սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության ղեկավարի պաշտոնի հավակնող Տարիել Խիչիկաշվիլին է։ Նման կազմով է նախարարների կաբինետը ներկայացվել խորհրդարանին վստահության արտահայտման համար, քվեարկությունը կկայանա օրվա երկրորդ կեսին։










































