Մոսկվաբնակ անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը ապրիլի 23-ին բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Սա Վլադիմիր Պուտինին ուղղված Խաչատրյանի առաջին նամակը չէ: Դեռ 2003 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Ռուսաստանի «Լեֆորտովո» բանտում հայտնված Խաչատրյանը բաց նամակ էր գրել Պուտինին՝ զգուշացնելով ապագայում սպասվող վտանգների մասին:
Այս անգամ իր նամակում Արբակ Խաչատրյանն անդրադառնում է ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև Հայաստանում տիրող իրավիճակին և ընդգծում, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ ամենայն հավանականությամբ կարող է լինել հերթական «մայդանական ճգնաժամը»:
Նամակում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված ղարաբաղյան հակամարտությունը գնալով սրվում է, և որ ցանկացած պահի հնարավոր է պատերազմի վերսկսում:
«Որպեսզի ստիպեն Ռուսաստանին պատերազմել երկու ճակատով, գունավոր հեղափոխությունների հեղինակները բոլոր ջանքերը կներդնեն, որպեսզի այդ կրակը նորից վառեն:
Հայաստանի բնակչությունը հիմա ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում է, երկրում մնացած մարդկանց 60 տոկոսը դրսում է աշխատանք փնտրում, իսկ կոռումպացված իշխանությունները միշտ Մոսկվային են հենված, դրանով էլ Հայաստանում մեծանում են հակառուսական տրամադրությունները: Ռուս դիվանագետներն էլ, եթե նրանց ընդհանրապես կարելի է դիվանագետ անվանել, միայն սրում են իրավիճակը»,- գրում է Խաչատրյանն իր նամակում:
Արբակ Խաչատրյանը Պուտինին ուղղված իր նամակում նշում է նաև, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող՝ նախ որովհետև Ադրբեջանը իր հիմնական դաշնակից միշտ համարում է Թուրքիային, և բացի այդ՝ Ռուսաստանն այդ համագործակցությունը խորացնելով՝ կկորցնի ի վերջո տարածաշրջանում իր միակ դաշնակցին՝ Հայաստանին, և ստիպված կլինի Հարավային Կովկասը հանձնել իր հակառակորդներին։ «Ռուսաստանի վաճառած զենքը Ադրբեջանում արդեն կրակում է»,- գրում է Խաչատրյանը:
Ի դեպ, այս բաց նամակը տպագրվել է ռուսաստանյան հեղինակավոր «Արգումենտի նեդելի» օրաթերթում, թերթի առցանց տարբերակում՝ «Ուկրաինա-Հայաստան-Ռուսաստան»՝ երրորդ համաշխարհայի՞ն» վերնագրով:
Նամակը Ռուսաստանում որոշ շրջանակների մոտ լայն արձագանք է ստացել, և հեղինակը հուսով է, որ բարձրացված խնդիրները կստանան իրենց լուծումը, քանի դեռ իրավիճակը վերահսկելու հնարավորություն կա և ամեն ինչ կորսված չէ:
Նամակը գրելու շարժառիթները շատ են, տեղ գտած խնդիրները՝ ոչ ամբողջական։ Առաջիկայում կհրապարակենք նաև ստացված ամենաուշագրավ արձագանքները:










































