«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:
–Նախ շնորհավորում եմ ազատ արձակվելու կապակցությամբ: Պարո՛ն Չուգասզյան, ընդհանուր տպավորություն էր ստեղծվել, որ Հիմնադիր խորհրդարանի գոնե ղեկավար կազմը շատ լավ գիտակցում էր այն ելքը, որն ապրիլի 24-ի նախօրեին տեղի ունեցավ, ու ձեզ ազատազրկեցին: Նաև կարծիք կար, որ դուք ամեն ինչ անում եք, որ նման հանգուցալուծում լինի և իշխանությունները ձեզ ազատազրկեն: Դուք այդպիսի զգացողություն ունեի՞ք, երբ գնալով սրում էիք ձեր հռետորաբանությունը: Գոնե մարզային այցելությունների ժամանակ ամեն ինչ, կարծես, հենց դեպքերի նման զարգացում էր նախանշում:
-Շնորհակալ եմ: Հիմնադիր խորհրդարանի նախանշած ուղին իրավունքի և սահմանադրականության դաշտում անհնազանդության ճանապարհով ռեժիմին ստիպել նահանջել և, ի վերջո, հանձնվելն է: Սա եղել է ու կա Հիմնադիր խորհրդարանի ճանապարհը` թե ինչպես ենք պատկերացնում այս ռեժիմից ազատումը: Բնականաբար, մենք չենք ստիպել ռեժիմին, որպեսզի ինքը գնա անօրինական քայլերի:
–Բայց դուք շատ լավ իմացել եք, որ իշխանություններն այլ կերպ չեն վարվի:
–Անկասկած, և հալածանքները նոր չեն սկսվել: Հալածանքները սկսվել են դեռևս անցյալ տարի, երբ մեքենաները հրկիզվեցին ավտոերթերից առաջ, դրանից հետո եղավ մահափորձ, դրանից հետո եղավ Բերձորի հայտնի դեպքը, դրանից հետո Գյումրիում դանակահարություն եղավ: Այսինքն` մենք չենք ստիպել ռեժիմին, որպեսզի ապօրինի քայլերի գնա, և մենք, բնականաբար, չենք ստիպում որևիցե մեկին, որևիցե քրեական տարրի, որպեսզի իրենք անցնեն նման քայլերի:
–Բայց իշխանությունը, կարծես, ձեր գործողությունների մարտավարության հետ խնդիր չունի՝ գնալ անհնազանդության կամ կոչերի հետ: Հիմնական խնդիրը ապրիլի 24-ն էր, և ձեզ ապրիլի 24-ին մեկուսացնելու հիմնական դրդապատճառը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանում գտնվող բարձրաստիճան հյուրերի անվտանգության նկատառումն էր: Վերատեսության ենթարկե՞լ եք, որ գուցե չարժեր այդքան կենտրոնանալ ապրիլի 24-ի վրա կամ գործողությունների այլ ճանապարհ ընտրել:
–Ես համաձայն չեմ ձեր պնդման հետ, որովհետև միայն Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ չէ, որ ճնշումներ են եղել, մենք տեսանք ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի հետ կապված միջադեպը: Այսինքն` ռեժիմն ինքը մտադիր է նոր մարտավարություն որդեգրել:
–Բայց, Ձեր գնահատմամբ, ԲՀԿ-ն դժվար է տեղավորվում դասական ընդդիմության շրջանակներում, որովհետև իշխանության հետ սերտաճած է:
–Ես խոսում եմ ռեժիմին ընդդիմանալու որևէ փորձի մասին: Այսինքն` ռեժիմը որդեգրել է մի մարտավարություն, որով փորձում է որևիցե արտահերթ ընտրությունների հնարավորություն մերժել, չեզոքացնել բոլոր փորձերը, և դա մենք տեսանք` ոչ միայն Հիմնադիր խորհրդարանի փորձերի և այլ ուժերի հետ կապված, ու ռեժիմը փորձում է ամեն ինչ տեղափոխել 2017-18թթ.: Այսինքն` նրա մարտավարությունը մեզ հետ չի կապված: Ուրիշ հարց, որ մեր մարտավարության մեջ ապրիլի 24-ը շատ մեծ դեր էր խաղում ՝ ցույց տալու ժողովրդին, որ կա մի դաս, մի կառույց, որով, անհնազանդության ճանապարհով, լինելով համակարգից դուրս, այդ կառույցն այլևս ձևավորված է Հայաստանում: Մարդասիրությունից դրդված չէ, որ ռեժիմը մեզ բաց թողեց, այլ մեր կապերի, մեր կառույցների, մեր մոտեցման, ճնշման շնորհիվ: Մենք մի քանի տարի ենք գործում, այդ ամենը նախապատրաստված է եղել:
–Բայց դուք գիտեիք, որ ապրիլի 24-ից առաջ կարող է նման բան տեղի ունենալ:
–Մենք ոչ թե գիտեինք, այլ նման հնարավորություն միշտ կա, քանի որ մենք գործ ունենք ավտորիտար ու վայրագ ռեժիմի հետ:
–Պլան B չունեի՞ք:
–Պլան B-ն հենց այն էր, որ առաջնորդներին ձերբակալելու պարագայում առաջին խնդիրը պետք է լինի հենց առաջնորդներին ազատելը: Եվ ինչպես տեսնում ենք, շատ արագ տեղի ունեցավ: Սրանից երևում է, որ ռեժիմը շատ թույլ է: Իրականում այն ճնշումը, որ սկսվեց ոչ միայն ներսում, այլև դրսում, խոսեց այն մասին, որ մեր կառույցներն ու նախանշած ճանապարհը ճիշտ են: Այսինքն` մենք ցույց տվեցինք, որ մինչև վերջ գնացող կառույց կա, որ պատրաստ է անհնազանդության ճանապարհով ստիպել ռեժիմին նահանջել, և այդ գործողությունները դրա ապացույցն էին:
–Ապրիլի 24-ին Էրեբունիում տեղի ունեցավ հանրահավաք` բավական սակավամարդ: Փաստորեն, այդքան մեծ ջանքեր կենտրոնացնելով ապրիլի 24-ի համահավաքին` ցանկալի արդյունք չստացվեց:
–Ուզում եմ նշել, որ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը չէր նշանակում, որ ապրիլի 24-ին ռեժիմը պետք է հեռանար:
–Բայց պետք է սկսվեր:
-Եվ սկսվեց: Ինչպես տեսնում եք, մենք նորից վազքուղում ենք` ավելի ուժեղացած և մեր սկզբունքներից չհրաժարված: 100-ամյակը սկսվում է ապրիլի 24-ին և շարունակվում է մի ամբողջ տարի: Այնպես որ` մենք վստահ ենք, որ այս տարվա ընթացքում բավականին գործողություններ են լինելու:






































