Լրագրողների հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
– Պարոն Արզումանյան, Հայաստանի խորհրդարանում Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը կարո՞ղ է Վրաստանի հետ դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ և բարդ հետևանքներ ունենալ:
– Վրաստանի իշխանություններն իրենց դժգոհությունն արդեն իսկ հայտնել են այդ հանդիպման կապակցությամբ: Հայաստանի կողմից եղավ պարզաբանում, որ դա զուտ անձնական, մասնավոր բնույթի հանդիպում է եղել, և որևէ քաղաքական հարց չի քննարկվել: Հուսանք, որ այդպես է, քանի որ պետք է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Եվ հուսամ, որ բացատրությունները բավարար կլինեն մեր Վրաստանի գործընկերների համար, որպեսզի շատ մեծ խոչընդոտներ չառաջացնեն մեր բարեկամական հարաբերություններում:
– Իսկ ընդհանրապես արժե՞ր այդպիսի հանդիպում անցկացնել՝ լինի դա մասնավոր, թե պետական:
– Դա իմ հարցը չէ, եթե ես լինեի, գուցե չհանդիպեի: Բայց ես Ղարաբաղից նոր եմ վերադարձել և մանրամասներին տեղյակ չեմ: Գիտեմ, որ ԼՂՀ ընտրություններում որպես դիտորդ Օսեթիայի ներկայացուցիչներ կային, իսկ ճանապարհին թե ում են հանդիպել, ինչ հանգամանքներում՝ դա թողնենք հանդիպողների խղճին:
– Այս հանդիպման մեջ Ռուսաստանի հետքը տեսնո՞ւմ եք:
– Ռուսաստանի հետքն ու ականջները տեսնում ենք ամենուր և ամեն օր: Չեմ կարծում, որ պետք է շատ սևեռվել այս հանդիպման վրա, որովհետև արդեն բացատրությունները եղան: Կարծում եմ, որ, իսկապես, կարող է անձնական կամ մասնավոր խնդիրներ են եղել, որ պետք է քննարկվեին:
– Պարոն Արզումանյան, ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար Ռուսաստանից որևէ խորհրդարանական չէր եկել: Մինչդեռ Ֆրանսիայից, Ամերիկայից ու այլ երկրներից բազմաթիվ խորհրդարանականներ էին եկել:
– Շատ մտահոգված ենք և այդ մասին մենք խոսել ենք նաև ԼՂՀ ղեկավարության հետ: Դուք գիտեք, որ Հայաստանի ԱԺ-ն ուղարկել էր 14 հոգանոց շատ պատկառելի պատվիրակություն, որտեղ ներկայացված էին բոլոր քաղաքական ուժերը: Հանդիպել ենք ԼՂՀ թե նախագահի, թե արտգործնախարարի, թե այլ պաշտոնյաների հետ: Հանդիպել ենք նաև տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ: Եվ այդ մտահոգությունը կար, որովհետև ՌԴ-ից նման այց ակնկալվում էր: Հասկանալի է, մենք չէինք ակնկալում, որ Հայաստանի նման այս կամ այն երկրի պաշտոնական պատվիրակություն նույնպես ներկա լիներ: Բայց մոտ քսան երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ էին եկել: Ու շատ տրամաբանական կլիներ, որ հայ ժողովրդի բարեկամ՝ գոնե մի քանի տասնյակ ռուս պատգամավորներ էլ գային: Նրանք կարող էին իրենց մասնավոր նախաձեռնությամբ գալ և այդ ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականը տալ: Այդ չգալը ոչ միայն մեզ մոտ, վստահ եմ, որ ԼՂՀ ղեկավարության մոտ նույնպես տարակուսանք առաջացրեց:
– Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ուկրաինայի ու Վրաստանի այդչափ բացասական արձագանքը պայմանավորվա՞ծ է այդ երկրների հակամարտությունների նկատմամբ Հայաստանի դիրքորոշումով: Կամ՝ միգուցե մեր երկրի կողմից դիվանագիտական ինչ-որ թերություն էլ է եղել: Չէ՞ որ Ուկրաինայում և Վրաստանում ՀՀ դեսպաններ Անդրանիկ Մանուկյանն ու Յուրի Վարդանյանը պրոֆեսիոնալ դիվանագետներ չեն:
– Մենք պետք է հասկանանք, որ Վրաստանում կան խնդիրներ: Վրաստանի երկու տարածքներին վերաբերող հակամարտություններն, անշուշտ, տարբերվում են, բայց այդ երկիրը չի կարող բարձրաձայն աջակցություն ցուցաբերել ԼՂՀ իշխանություններին, քանի որ ինքն իր տարածքում որևէ նման ընտրություն չի ճանաչում: Մենք դա պետք է գիտակցենք: Եվ չեմ կարծում, որ դրանով իսկ որևէ հակահայկական դրսևորում է ցուցաբերվում: Ուկրաինայի դեպքում էլ հասկանալի է իրավիճակը: Ուկրաինան այսօր պատերազմական վիճակում է: Եվ ոչ միայն նրա տարածքի մի մասը անեքսիայի է ենթարկվել, մեկ այլ մասում էլ անջատողական շարժումները պետություններ են հռչակում, այլ այդ երկիրը շատ դժվարին կացության մեջ կլիներ, եթե պաշտոնապես ճանաչեր ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները:
Իսկ մենք պետք է գիտակցենք, որ այս ընտրություններն առաջին հերթին անցկացվում են ԼՂՀ ժողովրդի համար, ԼՂՀ-ում ժողովրդավարության կայացման համար: Մենք վստահ ենք, որ կգա ժամանակը, երբ միջազգային հանրությունը կհամակերպվի փաստերի հետ: Եվ արդեն տեսանք, որ եռանախագահությունը նույնիսկ հայտարարություն արեց: Այլապես մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ քաո՞ս լինի այդ տարածաշրջանում: Կա տարածաշրջան, ինքնահռչակ կհամարեք, թե ինչպես, բայց այդ մարդիկ իշխանություններ ձևավորելու իրավունք ունեն: Եվ գնալով տեսնում ենք, որ միջազգային արձագանքը էլ ավելի ընկալումով է մոտենում, ու բոլորը գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անցկացնի ընտրություններ: Ի վերջո, Մինսկի խմբի մանդատով, որն ընդունվել է Բուդապեշտի գագաթնաժողովում, գրված է, որ հակամարտության բանակցություններին մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները: Եվ հիմա այդ 55 պետությունների նախագահների կողմից տրված մադատի ոգուն համապատասխան Լեռնային Ղարաբաղն իրականացրել է իր ընտրությունները: Այլ հարց է, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որևէ երկիր դեռևս այն պաշտոնապես չի ճանաչում:











































