«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը հետաձգվում է ռուսական «Գազպրոմի» և թուրքական Botas պետական ընկերության միջև ձգձգված բանակցությունների պատճառով: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Կողմերը պայմանավորվել են զեղչի չափի մասին, բայց չեն կարողանում համաձայնեցնել, թե համաձայնագրի բանաձևի որ բաղադրիչի դեպքում է պետք այն կիրառել: Պարբերականը նշում է, որ բանակցությունները մոտ կես ամիս է՝ փակուղում են: Միաժամանակ, ռուսական և թուրքական ընկերությունները վնասներ են կրում. «Գազպրոմը» իր խոշովակաշար-նավերի կես տարվա պարապուրդի պատճառով արդեն մի քանի հարյուր մլն եվրո է կորցրել, իսկ թուրքական ընկերությունը ոչ մի կերպ չի կարող ընդունել գազի զեղչը, որի մասին կողմերը պայմանավորվել են, ուստի ստիպված է ռուսական գազը 100 դոլարով ավելի թանկ գնել, քան եվրոպական միջին գինն է:
Ներկայումս Թուրքիան ռուսական գազը գնում է 1000 խոր. մետրը 370 դոլարով:
«Գազպրոմն» ուզում է արագ սկսել «Թուրքական հոսքի» շինարարությունը, սակայն Անկարան դիմադրում է:
Լրացուցիչ գործոնը, որի պատճառով նոր համաձայնագիրը դեռ կյանքի չի կոչվում, քաղաքական է, մասնավորապես՝ Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին:







































