«Նշում ենք հայ ժողովրդի հաջողությունը, հաղթանակը, և մեր թիմի հաջողությունը, քանի որ մեզ հաջողվեց ՀՀ պատմության մեջ ամենալավ ընտրությունը կազմակերպել: Այլևս անշրջելի են ժողովրդավարական ընտրությունները մեր երկրում: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ գնում ենք դեպի ապահով Հայաստան»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շնորհավորել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանին՝ բավական ձայներ հավաքելու համար, և հույս է հայտնել, որ նրա հետագա քայլերը Հայաստանի հեղինակության վրա չեն ազդի:
«Թե՛ ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը, թե՛ եվրոպացի մեր գործընկերների գնահատականները շատ հստակ ասում են՝ սրանք լավագույն ընտրություններն էին և լուրջ քայլ առաջ: Համամիտ եմ դիտորդների հետ, նրանք տեսան այն դրական աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում ժողովրդավարության անշրջելիության վերաբերյալ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ չես սխալվում միայն, երբ ոչինչ չես անում. «Այլ հարց է՝ թերությունները կարո՞ղ են ազդել արդյունքի և որակի վրա: Որևէ թերություն, խախտում, որ կարող էր ազդել ընտրության արդյունքի, ընթացքի ու որակի վրա, ինձ հայտնի չէ»:
Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ նախորդ նախագահական ընտրություններից ի վեր իրենց թեկնածու Սերժ Սարգսյանի ձայներն ավելացել են, այն էլ սոցիալ-տնտեսական և ֆինանսատնտեսական ճգնաժամի այս պայմաններում:










































