Հարավային Կովկասի հարցերով Եվրամիութան հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը այսօր Բաքվում հանդիպել է ոչ կառավարական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ ու նրանց հետ կիսվել ԼՂ հարցի լուծման իր տեսլականով:
Հանդիպումն անցել է կլոր սեղանի շրջանակում՝ նվիրված փախստականների խնդիրների մասին հաշվետվության շնորհանդեսին։ Այս մասին հայտնում է contact.az-ը:
Զալբերը ափսոսանք է հայտնել, որ միջնորդների ու կողմերի՝ հակամարտության լուծման բազմամյա ջանքերը առաջընթաց չեն գրանցել: Նա նաև անհանգստություն է հայտնել, որ շփման գծում սուր վիճակը պահպանվում է, ու «գրեթե ամեն օր մարդիկ են զոհվում»:
Առանց փոխզիջումների հակամարտության լուծումը հազիվ թե հնարավոր լինի, և Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում անհրաժեշտ է շարունակել քաղաքացիական հասարակության շրջանում աշխատանքը՝ հաշտեցման ուղիների որոնման համար:
«Ի վերջո՝ հակամարտության լուծումը կախված է լինելու շարքային քաղաքացիներից: Իսկ առայժմ մենք կարգավորման մասին խոսել չենք կարող»,- ասել է Զալբերը:
Ինչ վերաբերում է Եվրամիության դիրքորոշմանը, ապա Բրյուսելը աջակցում է Մինսկի խմբի ջանքերին ու չի կարող կարևոր դեր խաղալ այդ գործընթացում։ Մինսկի խմբի կառուցվածքի փոփոխություն կամ կարգավորման համար այլ միջնորդների ներգրավում հազիվ թե հնարավոր է: «Մինսկի խմբի համանախագահները դրանով զբաղվում են ավելի քան 20 տարի, նրանք ձեռք են բերել փորձ ու այդ ժամանակահատվածում մշակել են տարբեր առաջարկներ: Հրաժարվել այդ ամենից ու սկսել զրոյից՝ հազիվ թե հնարավոր է ու արդյունավետ»,- ասել է Զալբերը:
Անդրադառնալով ԵՄ-ի դերին՝ ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ Բրյուսելը պատրաստ է նպաստել նախագծերին ու միջոցառումներին՝ ուղղված վստահության և հակամարտող կողմերի միջև շփումների ամրապնդմանը: Համաձայնության ձեռք բերման դեպքում ԵՄ-ն միջոցներ կհատկացնի ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար՝ ասել է նա:
«Պետք է պատրաստ լինել փոխզիջումների, սակայն դա մենք դեռ չենք տեսնում: Մենք չենք կարող հակամարտությունը լուծել դրա մասնակիցների փոխարեն»,- ասել է նա:
Զալբերը սխալ է համարում նաև Ղարաբաղյան հակամարտությունը մյուս հակամարտությունների հետ համեմատելը: «Հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու արմատները: Դրանք համեմատելը հակաարդյունավետ է: Բացի այդ՝ յուրաքանչյուր դեպքում գոյություն ունեն այս կամ այն գերտերության աշխարհաքաղաքական շահեր»,- ասել է նա:
Զալբերը նաև կասկած է հայտնել, թե Հայաստանի դեմ կարող են կիրառվել այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսին Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ նրա գործողությունների համար:
Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հարցին՝ Զալբերը պատասխանել է, թե դա չափազանց ռիսկային է ու ռազմական գործողությունների դեպքում «կպարտվեն բոլորը»:
«Պատերազմի վերսկսման հետևանքները անկանխատեսելի են»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:







































