Ռուսաստանը համոզված է, որ Իրանը կարող է հաստատել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, եթե կառուցողական կերպով համագործակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ: Այս մասին ITAR-TASS-ի հետ զրույցում ասել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանը: «Այդ դեպքում ցանկացած պատժամիջոցային ճնշման հիմք ինքնին կանհետանա: Բացի այդ, այդ քայլը փաստարկներից կզրկի նրանց, ովքեր ուժի կիրառումը համարում են թույլատրելի այլընտրանքային դիվանագիտություն»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կտրուկ դեմ է հանդես գալիս առանձին պետությունների կողմից Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությանը: Այդ պատժամիջոցները բավական հեռու են ՄԱԿ ԱԽ բանաձևերի սահմանափակումների շրջանակից:Դիվանագետը հայտնել է, որ նման մոտեցումը դժվարացնում է առկա խնդիրների լուծման որոնումը բանակցային գործըթնացի շրջանակում:
«Ինչ վերաբերում է Իրանի բնակչության կյանքի վրա պատժամիջոցների ազդեցությանը, իրանական ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման մասին: Նախևառաջ դա պայմանվորված է ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկմամբ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գների բարձրացմամբ»,- նկատել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ սրվում է նաև ներքաղաքական հակամարտությունը՝ կապված կառավարության կողմից անցկացվող տնտեսական քաղաքականության հետ, որը կտրուկ քննադատվում է մեջլիսի պատգամավորների կողմից:




































