ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մատաղիսի հայտնի գործով Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի վերաբերյալ կայացրեց արդարացման դատավճիռ: Դատավճռից հետո լրատվամիջոցներին տրված հարցազրույցների ժամանակ սպանվածներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայր Մովսես Մկրտումյանը հայտարարեց, որ կիսում է դատարանի կարծիքը և համարում, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն իր որդու սպանության հետ:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 14-ին մյուս սպանվածի` Ռոման Եղիազարյանի հորեղբայր Արթուր Եղիազարյանն իրեն կողմից հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Մովսես Մկրտումյանը «հարյուր տոկոսով ծախված է», որ «Հովսեփի հայրը ինձ հետ չի քայլում, ինձ ուզում են առնեն, … ես ոչ մի բանից չեմ վախենում, բայց Մովսեսը չեկավ, որովհետև նա ծախված է», որ իբր Մովսես Մկրումյանը փորձել է իրենց փողով լռեցնել, սակայն իրենք չեն համաձայնել, չեն ծախվել, նաև նշել են, թե իբր նա ասել է` «եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տուն»:
Մովսես Մկրտումյանը գտնում է, որ այս արտահայտությունները հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն և պահանջում է դատարանին պարտավորեցնել Գոհար Մելքոնյանին և Արթուր Եղիազարյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից և նույն լրատվամիջոցների միջոցով հերքել իր վերաբերյալ կատարած արտահայտությունները:
Դատը կկայանա փետրվարի 21-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Թալինի նստավայրում /Խանջյան 13, դահլիճ 2/:









































