Անհերքելի է, որ Քիմ Քարդաշյանը բացի ռեալիթի-շոուի աստղ լինելուց՝ նաև հաջողակ բիզնես-լեդի է։ Այս մասին գրում է Business Insider-ը:
Forbes-ի տեղեկությամբ՝ 34-ամյա Քարդաշյանը 2014թ. 28 մլն դոլար է վաստակել, իսկ վերջերս նա ճանաչվել է Time ամսագրի վարկածով 2015թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Քիմը սկսել է աշխատել դեռ վաղ տարիքից՝ չնայած իր հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, բավական հարուստ է եղել:
Variety-ին տված հարցազրույցում Քիմը պատմել է, որ հայրն իրեն սովորեցրել է խնայող լինել, «ամեն ինչի համար պայմանագիր կնքել»:
Քիմն ասում է. «Ես 4 տարի աշխատել եմ հագուստի խանութում: Դա ինձ դուր եկավ: Երբ դարձա 16 տարեկան, հայրս ինձ ստիպեց պայմանագիր ստորագրել. նա մեզ ստիպում էր ամեն ինչի համար պայմանագիր կնքել. եթե ես հարվածեի մեքենաս, ես պարտավոր կլինեի դրա համար վճարել…»:
Հետո Քիմն սկսել է աշխատել հոր իրավաբանական գրասենյակում, նաև հագուստներ է վաճառել eBay-ով։ Նա վաճառել է իր հայտնի ընկերների հագուստները, որոնք նրանք այլևս չէին կրելու, այդպիսով գումար է վաստակել: Այնուհետև Քարդաշյանը սկսել է զբաղվել այնպիսի հայտնիների զգեստապահարաններով, ինչպիսիք են՝ Փերիս և Նիքի Հիլթոնները, Սինդի Քրոուֆորդը, Սերենա Ուիլյամսը, Նիքոլ Ռիչին և այլք:
Քարդաշյանի խոսքով՝ ինքը միշտ իրեն գործարար է համարել:













































