2004թ. այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 16 հարվածով կացնահար արվեց լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:
Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978թ. սեպտեմբերի 28-ին Երևանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր:
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնում է ԶՈՒ-ում և դառնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպա։ 2004թ. փետրվարին Գուրգեն Մարգարյան մեկնում է Բուդապեշտ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին։
Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի, սակայն 2012թ. օգոստոսի 30-ին հունգարական իշխանությունները մարդասպանին արտահանձնեցին Ադրբեջան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը հրամանագիր ստորագրեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:
Գուրգեն Մարգարյանը թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:








































