Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի հինգ տարի հետո չկրկնվի Մարտի 1-ը: Քիչ առաջ «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի եթերում այս մասին ասաց ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ խոսելով ապագայի, հասարակության շրջանում առկա հիասթափության շուրջ: Նա նշեց, որ իրեն թվում է, թե դոմինանտը հասարակության մեջ հիասթափությունն է, ինչի համար պատճառները և՛ կան, և՛ ուռճացված են: Սակայն, նրա համոզմամբ, հիասթափություն, իսկապես, գոյություն ունի՝ իրավիճակներից, մարդկանցից, այն մարդկանցից, ովքեր ներկայացնում են իշխող կուսակցությունը, այն մարդկանցից, ովքեր կապված են իշխող կամ այլ կուսակցությունների հետ:
«Իմ կարծիքով՝ երիտասարդության մեջ հավատի կորուստ կա, մեզ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ չկանգնենք փաստի առաջ, որ չկրկնվի Մարտի մեկը, որ պինդ կարողանանք կանգնել ոտքի վրա, որ փափուկ անցումներ լինեն։ Իսկ դա կարող է լինել: Հինգ տարի հետո՝ ես անձամբ չգիտեմ ինչ է սպասվում: Ավելի կանխատեսելի ապագա եմ ցանկանում։ Ունեմ երեխաներ, հանգիստ պետք է լինեմ, ստեղծագործեմ, որ բոլորիս երեխաներն ունենան ապագա»,- կարծիք հայտնեց հայտնի ռեժիսորը:
Այն հարցին, թե ինչից է վախենում, պատասխանեց, որ քաղաքականության մասին կխոսի: Նրա խոսքերով՝ տենդենցն այն է, որ աֆրիկաներում շատ տարօրինակ իրադրություններ են: «Չեմ ուզում, որ ՀՀ-ն լինի այդ երկրների շարքում, ցանկանում եմ՝ ՀՀ-ն ավելի կայուն լինի: Գնդակ չմատակարարենք խաղացող թիմերին, մեզ հաշվի առնեն, մեր նկատմամբ ուշադիր լինեն»,- եզրափակեց Դավիթ Սահակյանցը:





































