Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը այսօր մեզ հետ զրույցում գնահատելով նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործունեության 100 օրը` նշեց, որ ըստ էության ոչ մի առանձնահատուկ գործունեություն չի ծավալվել այս օրերի ընթացքում: Հատկապես քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված, որ «ասի` տվյալ ծառայության աշխատանքերը լավացել են, մյուսինը մնացել են նույնը»:
«Քաղաքը ինչպիսին եղել է, այնպես էլ մնացել է: Ես սա որպես քաղաքացի եմ ասում: Բացի, իհարկե, առևտրականների հետ կապված հայտնի պատմությունից: Նրանք փորձեցին PR ակցիա կազմակերպել , թե` տեսեք, քաղաքային իշխանությունը դրական տեղաշարժ է կազմակերպում, բայց պետք է ասեմ, որ սա այն բնագավառն է, որ իրեն նախորդող ցանկացած քաղաքապետ այդ քայլին կարող էր գնալ, եթե անհրաժեշտություն գտներ: Դա մեկ օրվա ընթացքում լուծվող հարց է, որի համար ո՛չ շատ խիզախություն էր պետք , ո՛չ էլ շատ ֆինանսական միջոցներ: Պարզապես նախորդները գիտակցում էին, որ չարժե մարդկանց գործազրկության հաշվին արտաքին փոփոխությունների գնալ: Սակայն նա ուրիշ ձևով աչքի ընկնելու տարբերակ չուներ»,- գնահատեց Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով, այս 100 օրերն էլ, սրան հաջորդող մյուս օրերն էլ խոստումնալից չեն կարող լինել, որովհետև քաղաքապետարանը չի կարող այս համակարգից դուրս գործել: Իսկ ով այս համակարգի մեջ է գործում` նշանակում է, որ նույն մեխանիզմները պետք է գործեն: «Կարեն Կարապետյանը մեր` քաղաքացիներիս համար որևէ նորություն չկարողացավ բերել և չի էլ կարող դա անել, որովհետև իր գործունեությունը ոչ թե քաղաքացիների համար է արվում, այլ արվում է իշխանության շահերը պաշտպանելու համար:








































