ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ֆիզիկապես ի վիճակի չէ մասնակցելու քվեարկությանը: Թեկնածուն վաղը՝ դիտորդների նախնական զեկույցից հետո, կդադարեցնի հացադուլը: Նա նշեց, որ դեռ երկար ժամանակ է իրենից պահանջվելու իր առողջությունը վերականգնելու համար, իսկ այս պահի դրությամբ իրեն թույլ է զգում:
Անդրիաս Ղուկասյանը նաև հավելեց, որ արդեն տեղեկություններ ունի, որ կատարվում են ընտրախախտումներ, կեղծիքներ, և ի սկզբանե, ըստ թեկնածուի, այս ընտրություններին մասնակցում է հակասահմանադրական մի ուժ:
Մեր այն հարցին, թե չի՞ զղջացել արդյոք, որ իր առողջությունը այս ընտրությունների համար փաստորեն զոհեց, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ փոշմանել, երբեք էլ չեմ փոշմանի»:
Նախագահի թեկնածուն նորմալ է գնահատում հասարակության արձագանքն իր հացադուլին:










































