Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկանում է օգտվել Պուտին-Մեդվեդև բանաձևից: Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը՝ այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մուհամմեդ Ռեզա Բահունարը: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Ահմադինեժադը փորձում է գտնել համապատասխան տարբերակ:
«Այդ նպատակով Իրանի նախագահը սողանցքներ է փնտրում երկրի Սահմանադրության մեջ: Նա ընտրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղին՝ ցանկանում է նախագահի աթոռին նստել ևս 20 տարի»,- ասել է նա:
Բահունարը նշել է, որ նախկին նախագահները ևս փորձել են սողանցքներ փնտրել երկրի Սահմանադրությունում, որպեսզի երկար մնան իրենց պաշտոններին: Շեշտելով Ալքբար Հաշեմի Ռաֆսանջանիի և Մուհամմեդ Հաթեմիի անունները՝ նա նշել է, որ երկրի Սահմանադրությունը թույլ չի տվել նրանց նման բան իրագործել:
Նշենք, որ համաձայն Իրանի Սահմանադրության՝ մեկ անձը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել 2 ժամկետից ոչ ավելի: Ահմադինեժադն արդեն 8 տարի պաշտոնավարում է: Հերթական նախագահական ընտրություններն Իրանում նշանակված են ընթացիկ տարվա հունիսի 14-ին:








































