Այսօր լրացավ 2004 թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իշխանությունների կողմից Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա վայրագ հարձակումների տարելիցը: ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այսօրվա հայտարարությունը նվիրված էր այդ իրադարձություններին: Ընդ որում, Դալլաքյանը միակն էր, որ այսօր հիշեց այդ մասին:
«Այսօր ապրիլի 12-ն է՝ 2004-ին ժողովրդի նկատմամբ կատարված քոչարյանական հանցագործության օրը: Ընդհանրապես, հայաստանյան նախագահական 5 ընտրություններից 3-ն ավարտվել են արյունահեղությամբ: 1996-ի բռնությունները և 2004-ի վայրագություններն, ի վերջո, 1996-ի և 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքն էին:
2008-ի մարտի 1-ի սպանդի տարբերությունը 1996-ի և 2004-ի դեպքերից այն էր, որ եթե 1996-ին պայքարն ընթանում էր ընդդիմության թեկնածու Մանուկյանի և գործող նախագահ Տեր-Պետրոսյանի, 2004-ին`մեկ տարի առաջ նախագահ ընտրված Դեմիրճյանի և Քոչարյանի, այսինքն՝ ընդդիմության և գործող նախագահների միջև, ապա 2008-ին իշխանության թեկնածուն Քոչարյանը չէր: Մասնակցելով 2008-ի ընտրություններին՝ Տեր-Պետրոսյանը ձգտում էր վերականգնել իր իշխանությունը` հույսը գերազանցապես դնելով պետական ապարատի կազմալուծման և դրա ներկայացուցիչների` իր կողմն անցնելու վրա, իսկ Քոչարյանը, օգտագործելով ընտրական գործընթացները, փորձում էր լուծել հետագայում իր իշխանությունն ինչ-որ ձևով պահպանելու խնդիրը:
Նախագահի թեկնածու Սարգսյանը, Քոչարյանը և ընդդիմության թեկնածուն 2008-ի ընտրություններում լուծում էին տարբեր խնդիրներ: Եթե Սարգսյանի նպատակը լեգիտիմ նախագահ ընտրվելն էր, Քոչարյանինը` խոցելի իրավահաջորդ ունենալու համար ամեն ինչ անելը, ապա Տեր-Պետրոսյանի մինիմում ծրագիրը Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելն էր:
Հրահանգելով Մարտի 1-ը՝ Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը`ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր Մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն, ի վերջո, ընկնելու էր իր վրա: Մարտի 1-ը ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարի դրսևորում էր` Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միջև, այլ իշխանությունն ուժային եղանակով պահելու`1996-ի ու 2004-ի փորձն ունեցող երկու նախկին նախագահների գլխավորած քաղաքական ճամբարների բախում:
1996-ի ու 2004-ի դեպքերից հետո 2008-ի մարտի 1-ի էական տարբերությունն այն էր, որ այս դեպքում ընդդիմություն-իշխանություն կոնֆլիկտը մղվել էր երկրորդ պլան, և իրական պայքարն ընթանում էր առաջին ու երկրորդ նախագահների միջև, ովքեր այս կամ այն չափով ունեին ուժային քայլերի դիմելու պատրաստ մարդկային ռեսուրսներ: Ուստի, մարտի 1-ը ավարտվեց արյունահեղությամբ: Ապագայում 1996-ի, 2003-ի ու 2008-ի հետընտրական էքսցենսների բացառումը Հայաստանի արժանապատվության խնդիրն է»:










































