Երուսաղեմում դատական գործընթաց է սկսվել Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի գործով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Լիբերմանը դատարանի դահլիճում է հայտնվել անմիջապես նիստի սկզբին և չի շփվել մուտքի մոտ հավաքված լրագրողների հետ:
Նա հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել խարդախությունների ու վստահության չարաշահման մեջ: The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ գործով վկաների լսումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան ապրիլին և մայիսին:
«Մեր տունն Իսրայելն է» ազգային-հայրենասիրական կուսակցության առաջնորդի դեմ 2012-ին քրեական գործի հարուցումից հետո Լիբերմանը լքեց արտգործնախարարի պաշտոնը: Նա հույս էր հայտնել, որ կպաշտպանի իր անունը դատարանում և կկարողանա վերադառնալ պաշտոնին:
Նա հավանաբար դուրս կմնա վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունից, որը կձևավորվի մոտ ժամանակներս:
Եթե Լիբերմանին մեղավոր ճանաչեն, նա կհեռացվի Կնեսետից և երկրի կառավարմանը մասնակցությունից առնվազն 7 տարով:
Ներկայումս Լիբերմանը մնում է արտաքին և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Նա այդ պաշտոնին նշանակվել է փետրարի 13-ին՝ Կնեսետի կազմակերպչական հանձնաժողովի կողմից:









































