Ամեն տարի՝ փետրվարի սկզբին, Ծաղկաձորում մեծ շուքով, վարչապետի մասնակցությամբ անցկացվում էր «հայկական Դավոս» հորջորջված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը: Այս տարի այն պետք է անցկացվեր հոբելյանական՝ 10-րդ անգամ, սակայն մինչ օրս ոչ մի նախնական տեղեկատվություն չի եղել համաժողովի անցկացման ժամկետների, օրակարգի, մասնակիցների մասին:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչո՞ւ է ուշանում «հայկական Դավոսի» անցկացումը, համաժողովի կազմկոմիտեի փոխտնօրեն Արևիկ Ավանեսովան պատասխանեց, որ դա պայմանավորված է նախագահական ընտրություններով. «Հաշվի առնելով նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը, որոշեցինք առայժմ չկազմակերպել, որովհետև տվյալ ժամանակաշրջանում համաժողովն այդքան ակտուալ չի լինի»:
Նրա խոսքով՝ առայժմ նախանշված էլ չէ, թե համաժողովն ընտրություններից հետո երբ կկայանա:








































