ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ղեկավարը շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պետք է դատել ռազմական հանցագործությունների համար: Նա միաժամանակ միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ գործողությունների անցնել, այդ թվում՝ հավանական ռազմական միջամտության:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավի Փիլեյը կրկին կոչ է արել Սիրիայի նախագահին հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ քաղաքացիական պատերազմի տարիներին իր զորքերի գործողությունների համար, որը, ՄԱԿ-ի տվյալներով, 22 ամսվա ընթացքում խլել է ավելի քան 70.000 մարդու կյանք:
Բրիտանական 4 News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է. «Դա իմ հստակ կոչն է, որը ես կատարել եմ 18 ամիս առաջ: Հիմնվելով ապացույցների վրա՝ ես այն ժամանակ ասել եմ և ասում եմ նաև հիմա, որ մարդկության դեմ հանցագործությունը և ռազմական հանցագործությունները իրականացնում են նախագահ Ասադի զինված ուժերը և այն ուժերը, որոնք կապված են նրա հետ»:










































