Վեց տարի առաջ այս օրը Հայաստանի հասարակությունը և սփյուռքը առավոտյան հանկարծ դարձան հայ-թուրքական համատեղ հայտարարության ականատես, որում խոսվում էր հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին: Այդ «քարտեզը»` արդեն հայ-թուրքական արձանագրությունների տեսքով պետք է հրապարակվեր ավելի ուշ: Այդ համատեղ հայտարարությունը, ըստ էության, ամպրոպի էր հավասար խաղաղ երկնքում, թեև, իհարկե, իր բնույթով այն հանդիսանում էր հենց ամպամած հայ-թուրքական հարաբերություններից դեպի խաղաղ երկնքի անցմանը միտված փաստաթուղթ:
Այսօր ահա, վեց տարի անց, Հայաստանի և սփյուռքի հայության վրա լցված այդ սառը ջուրը, այն էլ` ապրիլի 24-ի շեմին լցված, լիովին չորացել է, և հայ-թուրքական հարաբերությունների բնույթը, մեղմ ասած, այլ է և` տրամագծորեն այլ, քան վեց տարի առաջ էր ուրվագծվում: Այսօր` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին այդ հարաբերությունները, կարելի է ասել, սառը կամ լարված են ինչպես երբևէ:
Բնակա՞ն է արդյոք այս կոնտրաստը վեց տարվա կոնտեքստում: Հաստատ ոչ, եթե խոսքը գնում է երկու հարևան պետությունների մասին: Խնդիրն այստեղ հաշտության մասին հաճախ իրականությունից ու իրապաշտությունից կտրված մեկնությունները չեն: Խնդիրն այն է, որ նույնիսկ հարաբերությունների բացակայության և հաշտության որևէ գործընթացի անհեռանկարության պայմաններում, երկու հարևան երկրների հարաբերություններում՝ և՛ աշխարհի, և՛ առաջին հերթին նրանց հասարակությունների համար պետք է լինի որոշակի կանխատեսելիություն: Սա շատ կարևոր և այս պայմաններում, ներկայիս իրողության պայմաններում առաջնային նշանակություն ունեցող հանգամանք է:
Հայ-թուրքական հարաբերություններում հաշտությունից կամ կարգավորումից առաջ շատ կարևոր է որոշակի կայունության և կանխատեսելիության գալը, որպեսզի մեկ տասնամյակից էլ քիչ ժամանակահատվածում այդ հարաբերությունների սանդղակը նման տատանումներ չարձանագրի: Այսօր թվում է, որ ավելին այնքան էլ իրատեսական չէ, սակայն գոնե այդ նվազագույնին հասնելը շատ կարևոր է:










































