Հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով հանդիսանում է Հայոց ցեղասպանության Ճշմարտության ու Արդարության բանաձևի հեղինակը, հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Սպիտակ տունն ամերիկահայ համայնքի առաջնորդներին հաստատել է, որ նախագահ Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չի կիրառի «ցեղասպանություն» եզրույթը։
«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահը ևս մեկ անգամ կձախողի պատշաճ կերպով նկարագրել 1915-1923թթ. 1.5 մլն հայերի բնաջնջումը այնպես, ինչպես որ կա՝ ցեղասպանություն»,- ասել է Շիֆը։ «Որքա՞ն պետք է զոհերն ու իրենց ընտանիքները սպասեն՝ մինչ մեր ազգը քաջություն ունենա դիմակայելու Թուրքիային Օսմանյան կայսրության ոճրագործ անցյալի վերաբերյալ ճշմարտությամբ»։
«Եթե ոչ՝ այս նախագահը, ով խոսում էր անցյալում ճանաչման մասին այդքան հաստատակամորեն և կրքոտ, էլ ո՞վ։ Եթե ոչ 100 տարի անց՝ էլ ե՞րբ»,- ասել է Ադամ Շիֆը։
«Անցած շաբաթ Պապն ազդեցիկ կերպով խոսեց վերքը վիրակապելու անհրաժեշտության մասին, որը շարունակում է արնահոսել ճանաչման բացակայության պարագայում. կցանկանայի միայն, որ Վաշինգտոնը անսար»,- ասել է նա։






































