Թուրքիայում հրապարակել են ապրիլի 24-ին, ինչպես նաև նախորդող օրերին Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների առավել մանրամասն ժամանակացույցը:
Նախաձեռնության հեղինակները՝ Թուրքիայում գործող «ԴուրԴե» կազմակերպությունը և նրա հետ համագործակցող այլ հայկական, թուրքական և միջազգային կազմակերպություններն ապրիլի 24-ին մի քանի միջոցառում են նախատեսում:
Առաջին միջոցառումը մեկնարկելու է տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00-ին) և նվիրված է լինելու հարյուր տարի առաջ այդ օրը աքսորի և մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին: Միջոցառման ժամանակ հուշաքարեր են տեղադրվելու Ստամբուլի այն տների պատերին, որտեղ մինչ Ցեղասպանությունն ապրել են Կոմիտասը, Ռուբեն Սևակը և Ավետիս Նաղաշյանը:
Այնուհետև տեղի ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով՝ 16:30-ին) արարողություն է լինելու Շիշլիի հայկական գերեզմանատանը: Մասնակիցները հարգելու են 2011թ. ապրիլի 24-ին թուրքական զորամասում զինվորական ծառայության ժամանակ թուրք ծառայակցի կրակոցով սպանված Սևակ Բալըքչըի հիշատակը:
Տեղի ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 19:30-ին) «Ցանկությունների ծառ» միջոցառումն է մեկնարկելու, որն անցկացվելու է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում՝ Ֆրանսիայի հյուպատոսարանի հարևանությամբ:
Իսկ երեկոյան ժամը 19:15-ին (Երևանի ժամանակով՝ 20:15) (ժամն ընտրվել է 1915 թվականի խորհրդով) Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում իրականացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հիմնական արարողությունը, որին մասնակցելու են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների մեծաթիվ ներկայացուցիչներ:
Բացի այդ, միջոցառումներ են նախատեսվում նաև ապրիլի 22-ին և 23-ին: Ապրիլի 22-ին նախաձեռնության հեղինակ կազմակերպություններն ասուլիս են ունենալու, որի ժամանակ հայտնելու են միջոցառումների մանրամասները: Ապրիլի 23-ին Սփյուռքից ժամանած հայերի մասնակցությամբ էլ ծանոթության և զրույցի հանդիպում է անցկացվելու: Երկու միջոցառումն էլ անցկացվելու է Ստամբուլի «Ջեզայիր» սրահում:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական «ԴուրԴե» նախաձեռնությունը տեղեկացրել էր, որ 2010 թվականից հետո ամեն տարվա պես այս տարի ևս Ստամբուլի կենտրոնում հարգելու են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ավելի վաղ թուրքական և հայկական մի շարք կազմակերպություններ կոչ են արել 2015 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Համատեղ կոչով են հանդես եկել Եվրոպայի այլատյացության դեմ պայքարող կազմակերպությունների շարժումը (EGAM), Թուրքիայի մարդու իրավունքների միությունը, թուրքական «ԴուրԴե» նախաձեռնությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Կազմակերպությունները համացանցում հայտարարությունը տարածելու հետ մեկտեղ գործածության մեջ են դրել #Remember24April1915 հեշթեգը: Բացի դրանից, կազմակերպությունների՝ 8 լեզվով (հայերեն, թուրքերեն, անգլերեն, հունարեն, ֆրանսերեն, ռումիներեն, լեհերեն, գերմաներեն) հայտարարություն են տարածել, որով կոչ են արել բոլորին միանալ միջոցառումներին:
Նշենք, որ վերջին տարիներին Ստամբուլի կենտրոնում սկսել են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառումն անցնում է ոստիկանների ուժեղացված հսկողությամբ, քանի որ ազգայնական խմբերը գրեթե ամեն տարի փորձում են խանգարել արարողությունը:










































