Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան համակարտությունը, որը երբեմն դրսևորվում է Գյումրու երթուղային գծերի լիցենզիաների պայքարով, երբեմն-երբեմն գլուխ է բարձրացնում:
Երեկ էլ Գյումրու քաղաքապետարանը հաղարդագրություն է տարածել, որ 24 համարի երթուղայինի հետ կապված դիմում- բողոքներ է ստացել և պատրաստվում է առաջիկայում դիմել դատարան` ընկերության հետ պայմանագիրը լուծարելու պահանջով:
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ն 2012թ.-ի հոկտեմբերի 2-ին մասնակցել է թիվ 24 երթուղու մրցույթին՝ 1998թ. արտադրության ավտոմեքենաներով և շահել մրցույթը 3 տարի ժամկետով: Կառավարության 16 օգոստոսի 2001թ.-ի թիվ 762 որոշման 20-րդ կետի համաձայն, 15 տարին լրացած ավտոմեքենաները ենթակա չեն շահագործման և պետք է փոխարինվեն մեկամսյա ժամկետում: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանի պատասխանատուների կողմից բազմիցս զգուշացվել է «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ին այն մասին, որ թիվ 24 երթուղում գործող ավտոմեքենաները ենթակա են պարտադիր փոխարինման, մինչ օրս մրցութային հանձնաժողովին հայտ չի ներկայացվել ավտոմեքենաների փոխարինման համար:
Քաղաքապետարանի և ընկերության միջև գործող պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, սակայն սպասարկող ընկերության ներկայացուցիչները չեն ներկայանում քաղաքապետարան` հարցի քննարկման համար: «Ներկա պահին այս բոլոր նյութերը գտնվում են քաղաքապետարանի իրավաբանական ապահովման բաժնում՝ վարույթ նշանակելու համար: Եթե ընկերության ներկայացուցիչները չներկայանան նաև վարչական վարույթի, Գյումրու քաղաքապետարանը պայմանագիրը լուծելու համար կդիմի դատարան»,-զգուշացրել է քաղաքապետարանը:
Հիշեցնենք, որ նմանատիպ խնդիր առաջացել էր նաև անցած տարի, բայց արդեն 20 համարի երթուղայինի հետ կապված: 20 համարի երթուղայինի գծի աշխատանքի կասեցման պատճառով վարորդները նույնիսկ Գյումրի-Երևան ավտոճանապարհն էին փակել: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ կասեցվել էր «Գյումրուն՝ ամուր հիմք» ՍՊԸ-ի՝ մրցութային երթուղիները սպասարկելու իրավունքը կրկին մեքենաների հին լինելու պատճառով: Ընկերությունը դատական կարգով վիճարկեց և վերականգնեց երթուղին սպասարկելու իրավունքը:
Նշենք, որ «Գյումրուն` ամուր հիմք» ընկերությունը պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս, սակայն, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ընկերության հետ կապ չունի, չգիտի էլ, որ նման ընկերություն կա, բայց առիթը բաց չթողեց արտահայտվելու Բալասանյանի հասցեին: «Նախ նշեմ, որ Գյումրիում 24 համարի երթուղի չկա ու հետո, չեմ էլ լսել, որ այդ դատարկը նման բան է ասել: Միայն մի բան գիտեմ, որ նա պատրաստ է յուրաքանչյուր մարդու ունեցվածքը վերցնելու, թալանելու մարդուն, ավերելու քաղաքը: Դա է այդ մարդու գործելակերպը: Ու մի բան էլ` էդ երթուղին ընդհանրապես մեզ չի պատկանում»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքն անգամ չի էլ լսել «Գյումրուն` ամուր հիմք» ընկերության մասին. «Տենց բան չեմ լսել ու ասեմ ձեզ` իմացեք, էդ երթուղիները բոլորն էլ իրան են պատկանում, իսկ ես առանձնապես չեմ հետաքրքրվում էդ տղայի գործունեությամբ: Նրա դատաստանը միայն Աստված կտա: Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»:
Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք նաև՝ որոշե՞լ է արդեն, հաջորդ տարի մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին: «Կապրենք ու կտեսնենք, թե ինչ կանենք: Բայց մի բան պետք է անենք, որպեսզի նմանատիպ դատարկները առաջ չգնան»,-եզրափակեց նախկին քաղաքապետը:








































