«Առաջին լրատվական»-ը ահազանգ է ստացել, որ թիվ 181 հիմնական դպրոցի շուրջ 100 մանկավարժների ընտրություններին ընդառաջ այսօր վաղ առավոտից 25.000-ական դրամ է բաժանվել: Գումարի «հեղինակը» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
1997 թվականից թիվ 181 հիմնական դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանը, ում պաշտոնավարմանը մնացել է մեկ տարի, հետո թոշակի է գնալու, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեև ասաց, որ ընտրակաշառք չի բաժանվել, բայց ակնհայտ էր, որ փորձում է հնարավորիս անկեղծ լինել, այսինքն՝ կան բաներ, որ, այնուամենայնիվ, չի կարող բացահայտ ասել:
«Ինձ մեկ տարի է մնացել, և ես չեմ ուզում վարկաբեկված գնալ»,- մեզ հետ զրույցում ասաց Վանյա Կիրակոսյանը: Իսկ թե ինչու է շաբաթ օրը նա դպրոցում՝ ասաց, որ եկել է շաբաթվա ընթացքում կիսատ թողած գործերն անելու: Իսկ ինչո՞ւ են այսօր մյուս աշխատակիցները եկել՝ հարցին էլ պատասխանեց, որ եթե գործընկերների մոտ կան խնդիրներ, որոնք չեն կարող սպասել մինչև երկուշաբթի, այդ դեպքում շաբաթ օրն են լուծում: Այսօրվա դպրոց գալը զուտ աշխատանքային նպատակ ուներ, հավելեց նա:
Նա նաև նշեց, որ դրամական աժիոտաժ դպրոցում չի եղել. «Կան պարզապես շտաբներին աջակցողներ, գուցե օրինական վարձավճարներ կան, գուցե մեր աշխատողներն էլ կան, բայց դպրոցի ներսում այպիսի բան չկա, ահազանգը, իմ կարծիքով չարակամություն է»:
Նա չժխտեց, որ Սամվել Ալեքսանյանն ամբողջ թաղամասի բարերարն է, բայց իր հարաբերությունները պաշտոնյաների հետ զուգահեռ հարաբերություններ են:
Վանյա Կիրակոսյանը չբացառեց, որ իր դպրոցի մանկավարժական կազմից այսօր նախընտրական շտաբերում են աշխատում, և եթե գումար են տվել նրանց, ապա դա նորմալ է, իրենք ստացել են այդ գումարն իրենց աշխատանքի դիմաց:
Մյուս դպրոցների տնօրենների նման ինքն այս անգամ բաժանե՞լ է 100 տոկոսանոց ցուցակ՝ ոչ, նման բան իր դպրոցում չկա, հավաստիացրեց նա: Նրա խոսքերով՝ այլ բան է, որ ինքն իր թիմին ասի, որ նպաստեք. «Իհարկե պատրաստվում եմ ասել, որ ձայնը տան Սերժ Սարգսյանին, իմ թիմակիցները, բնականաբար, ձայնը տալու են հանրապետականներին»:
Դպրոցները քաղաքականացված չեն, բայց աշխատանքից հետո յուրաքանչյուր քաղաքացի սեփական դիրքորոշում ունի. «Հիմա թե ինձ համակրելով, թե հանրապետության նախագահին, թե Սամվել Ալեքսանյանին համակրելով ձայնը կտան, դա մարդու անձնական խնդիրն է: Վստահեցնում եմ՝ ես չեմ հրահանգավորել, գուցե իմ ուղղվածությունը կամ ինձ հարգելով դեր խաղա, իմ հեղինակությունը հերիք է, ես լրացուցիչ հրահանգ չեմ տալիս: Ես բռնակալ չեմ , ես հանձնարարություն չեմ տալիս»:
Նա չժխտեց, որ այս օրերին զանգեր է ստանում, փորձում են ճշտել՝ քանի հոգի կընտրեն, բայց արդյունքները, այնուամենայնիվ, վերջնականապես չես իմանա, քանի որ ընտրությունը մնում է ընտրություն:
Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանին պետք է իրենք ընտրեն, ասաց. «Սկսած գործը, այնուամենայնիվ, թեև դանդաղ, բայց գնում է, իսկ ինչ անենք, հեղաշրջո՞ւմ անենք»:
Դպրոցը նաև ընտրատեղամաս է, այս ընտրատեղամասում ընտրության կմասնակցի 1917 հոգի:










































