«Ընտրություն» կատարելիս մարդիկ պարտավոր են ակտիվանալ՝ եկել է քաղաքացիական պարտքը կատարելու ժամանակը, պատասխանատու ժամանակը: Այն, որ Հայաստանում չեն ակտիվանում, դա նշանակում է, որ ինչ-որ բան է կատարվել, որ «քաղաքացիական պատասխանատվություն» արտահայտությունը մարդկանց գլխից պարզապես ջնջվել է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մշակութաբան Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ երկրում ստեղծված իրավիճակին:
Նրա կարծիքով՝ ի վերջո հայ հասարակությանը սովորեցրել են, որ իրենք փախստական են իրենց սեփական երկրում: «1999թ. Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց մի շրջան, որն ավարտվեց Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձով: Սա սովորեցրել է ահաբեկել, սովորեցրել է ընտրակաշառքի, ընտրակաշառքն էլ է անհնար առանց ահաբեկման: Սա հնարավոր չէր իրականացնել, եթե չլիներ տեռորիզմի մթնոլորտը:
Մենք հիշում ենք «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի սպանությունը: Բոլորը լավ հասկանում են, թե այսօր ինչպիսի պայմաններ են երկրում ստեղծված. ծածկադմփոց է ընթանում: Սակայն լռության մեջ աճում է բարկությունը, ատելությունը, լռությունը, որը շատ ավելի վատ է իշխանությունների համար, որովհետև կարծես թե ներսում է կուտակվում և մի օր պայթելու է: Ինչպե՞ս կարող է չժայթքել, երբ իշխանությունները մատների թաթերի վրա են ման գալիս, որպեսզի հանկարծ այդ բանը չկատարվի: Պետք է հասկանալ, որ մոտ է օրը»,- ասաց Վարդան Ջալոյանը:
Վերջինս նկատեց, որ եթե 2008թ.-ին դժգոհություն կար, այժմ ատելություն է. դժգոհության ժամանակ բողոքում են, իսկ ատելության ժամանակ չեն բողոքում:
Նրա խոսքով՝ հայ հասարակությունը խոնարհվում է բռնության առջև և ուրեմն խնդիր ունի. «Եթե չլիներ դա, այսօր կլիներ ուժեղ դիմադրություն, հետևողական դիմադրություն այն մարդկանց դեմ, ովքեր սերմանում են ահաբեկման մթնոլորտ»:










































