Կրեմլի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է ապրիլի 24-ին Պուտինի երևանյան այցը: Թե ինչու էր Մոսկվային անհրաժեշտ այսքան երկար ձգձգել մի բան, որը «ռազմավարական դաշնակցի» համար պետք է որ ակնհայտ լիներ շատ վաղուց, պարզ է դառնում այն իրողությունից, որ մի ոտքով լինելով Հայաստանում՝ Մոսկվան ապրիլի 24-ին մյուս ոտքով էլ Թուրքիայում է լինելու, որտեղ Պետդումայի խոսնակի մակարդակով բարձր պատվիրակությամբ մասնակցելու է Չանաքկալեի ճակատամարտի տարեդարձին նվիրված տոնակատարություններին, որ թուրքական իշխանությունները կազմակերպել են հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի դեմ:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Պուտինը ոչ թե Թուրքիայում է լինելու, այլ Հայաստանում, ըստ էության, ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի համար Պուտինի երևանյան այցի հաստատումը ձգձգվում էր Թուրքիայի հետ հարաբերությունների, այսպես ասած, հավասարակշռման պատճառով: Անկարան երևի թե չէր համաձայնում այսպես ասած հասկանալ, որ Ռուսաստանը Պուտինի մակարդակով Հայաստանում լինելու է, իսկ Թուրքիայում՝ ոչ:
Հասկացե՞լ են իրար Անկարան և Մոսկվան այսօր՝ դժվար է ասել: Սա կերևա ռուս-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքից: Մի բան հստակ է, որ Ռուսաստանը, ըստ էության, ամեն ինչ արել է Թուրքիային չնեղացնելու համար և այդ պատճառով էլ ներկայանալի մակարդակով պատվիրակություն է գործուղել մի միջոցառման, որը, ըստ էության, ոչ միայն հակակշիռ է, այլև պարզապես Հայոց ցեղասպանության հանդեպ բարոյա-քաղաքական առումով բևեռային հակադրություն ունեցող միջոցառում է: Եվ եթե Մոսկվան փորձում է հասցնել թե՛ մեկը, թե՛ մյուսը, ապա այստեղ արդեն, մեղմ ասած, կասկածներ են առաջանում առ այն, որ Կրեմլի համար Պուտինի երևանյան այցը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակի կամ բովանդակության այսպես ասած ռազմավարական բնույթի, գործընկերության վկայությունն է, այլ ընդամենը Անկարայի հետ քաղաքական առևտրի միջոց, ռեսուրս, և Պուտինն ապրիլի 24-ին Երևանում գտնվելու հանգամանքը օգտագործելու է Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների կառուցման համար:
Հակառակ դեպքում չի կարող Ռուսաստանը Պուտինի մակարդակով այցելել Հայաստան, սակայն, օրինակ, ռուսական քաղաքներում արգելվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ փողոցային մեծ պաստառների տեղադրումը: Սա պարզապես մտրակի և կարկանդակի քաղաքականության որոշակի կիրառում է Անկարայի հանդեպ, որով Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը Թուրքիայի հետ ապագա հարաբերությունները կառուցելիս:
Խնդիրը այն է, որ այդ հարաբերություններում Մոսկվան գտնվում է ակնհայտորեն ոչ շահեկան վիճակում, քանի որ, ի տարբերություն իրեն, Անկարայի մանևրի հնարավորությունները շատ ավելին են Արևմուտքի հետ հարաբերությունների մասով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով իրեն կարող է թույլ տալ փոքր-ինչ ավելին, քան Մոսկվան Անկարայի հանդեպ: Մոսկվան առայժմ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով իրեն առավելագույնը թույլ է տալիս այն, որ Պուտինը Երևան գալիս է, իսկ Թուրքիա չի գնում, բայց ոչ թե ընդհանրապես, այլ չի գնում անձամբ՝ այնտեղ գործուղելով Պետդումայի նախագահ Նարիշկինին:
Մնում է ժամանակի ընթացքում տեսնել, թե Թուրքիայի համար ինչ «հուշանվեր» է Երևանից տանելու Պուտինը:
Լուսանկարը` PAN Photo-ի












































