Top Gear հաղորդման նախկին հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը պատմել է, որ այն օրը, երբ ինքը հարվածել է հեռուստածրագրի պրոդյուսերին, կարծել է, թե, հավանաբար, ինքը քաղցկեղով հիվանդ է, ինչի պատճառով մեծ ապրումներ է ունեցել: Այս մասին հայտնում է Sunday Times թերթը:
Թերթի իր սյունակում Քլարքսոնը գրել է, որ դա եղել է ամենասթրեսային օրը BBC-ում 27 տարվա աշխատանքի ընթացքում: Միաժամանակ, նա խոստովանել է, որ շատ այլ մարդիկ սթրեսն ավելի լավ են հաղթահարում, քան ինքը:
Դեպքից ոչ շատ առաջ Քլարքսոնի լեզվի վրա կոշտուկ են հայտնաբերել, սակայն բժիշկներն ավելի ուշ հայտնել են, որ դա վտանգավոր չէ:
Մարտի 10-ին հայտնի հաղորդավարը հեռացվել է աշխատանքից պրոդյուսեր Օշին Թայմոնի վրա «չհրահրված հարձակման» համար:
Իր սյունակում Քլարքսոնը գրել է. «Ծեծկռտուքից 2 օր առաջ իմ բժիշկը շատ լուրջ տոնով ինձ հայտարարեց, որ լեզվիս վրայի կոշտուկը, ամենայն հավանականությամբ, քաղցկեղ է, և որ ես պետք է դա շտապ ստուգեմ: Բայց ես դա չէի կարող անել: Ամբողջ թափով ընթանում էին մեր ծրագրի նկարահանումները: Իսկ Top Gear-ն ինձ համար միշտ առաջնային է եղել»:
55-ամյա հաղորդավարը նաև պատմել է Top Gear-ում աշխատանքից իր կախվածության մասին, որը միայն խորացել է կնոջից բաժանվելուց և մոր մահից հետո: Նա նաև նշել է, որ շատ է տանջվում սիրելի աշխատանքը կորցնելու համար:
«Դա ամենակուլ էակ էր, գլոբալ հրեշ՝ շատ շոշափուկներով՝ անգործունակ, անշնորհք և խենթ, բայց ես այն կրքոտ սիրում էի: Ես այն սիրում էի սեփական երեխայիս պես:
Ես ինձ պարզապես սարսափելի եմ զգում, որովհետև տունս ու մորս կորցնելուց հետո ամբողջովին սուզվել էի այդ աշխատանքի մեջ, իսկ հիմա, ինչպես վերջին ապուշ, դա էլ եմ կորցրել»,- գրում է Քլարքսոնը Sunday Times-ի էջերում:









































