ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկել էր մի խումբ ոստիկաններով շրջապատված:
Ասուլիսի ընթացքում ամփոփելով իր նախընտրական քարոզարշավը՝ Հայրիկյանը կոչ ուղղեց հայրենակիցներին չվախենալ իր դեմ ուղղված մահափորձից և քվեարկել իր օգտին, իսկ ով վախենա և չքվեարկի՝ նա դավաճան է:
Պ. Հայրիկյանը թեկնածուներից և ոչ մեկին չի կասկածում իր դեմ ուղղված մահափորձը պատվիրելու մեջ, ավելին՝ ոչ մի ցանկություն չունի նայել այն անձանց լուսանկարները, ովքեր որպես կասկածյալ ձերբակալվել են. «Ինձ մի տաս, քսան անգամ ասել են նայի, դիտմամբ չեմ նայել ու չեմ էլ նայելու, նրանք տասներորդական մարդիկ են, ինձ պետք չէ նայել»:
ԱԻՄ առաջնորդն, այնուամենայնիվ, չցանկացավ նշել այն մարդու անունը ում կասկածում է՝ ասելով թե հետաքննությունը ամեն ինչ պարզ կդարձնի, իսկ խոսելով նախագահի մեկ այլ թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն վարկածի մասին, թե մահափորձն իրականացրել են մասոնները, մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյան, ասաց. «Դա իր տեսակետն է, որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































