Երեկ մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ն ամփոփիչ հանդիպում էր կազմակերպել իր թեկնածու Սերժ Սարգսյանի հետ: Կազմակերպիչներն ամեն ինչ արել էին, դահլիճը հնարավորիս լիքը լցնելու ու տպավորություն ստեղծելու համար` կարմիր գորգ, որի վրայով մարդկանց բազմության միջով անցավ Սերժ Սարգսյանը, ճայթրուկներ, ՀՀԿ դրոշակներ, շարֆեր, շոու բիզնեսի աստղերի կատարումներ, բայց փուչիկներ չկային:
Մասովկայի համար մարդկանց տարբեր մարզերից համալիր բերած ավտոբուսները կայանված էին համալիրի մոտ: Մուտքը հրավիրատոմսերով էր:
Կազմակերպիչները լրագրողներին սահմանազատել էին ՀՀԿ վերնախավի ու պատգամավորների հետ շփումից. մեզ այդպես էլ թույլ չտվեցին մտնել հարթակ, ուր ՀՀԿ օլիգարխները, պաշտոնյաներն ու պատգամավորները, ՀՀԿ շարֆերը գցած, կանգնած լսում էին: ՀՀԿ շարֆերով էին նաև նրանց թիկնապահները:
Սերժ Սարգսյանը երկարաշունչ, հուզիչ, գրեթե ընդդիմադիր ելույթ ունեցավ` հորդորելով չվստահել «երկիրը փորձադաշտի վերածելու պատրաստ արկածախնդիրների» ծրագրերին, այլ վստահել իրեն և իր ծրագրերին` խոստանալով առաջ տանել Հայաստանը առաջիկա հինգ տարիներին: Կարելի էր, իհարկե, հավատալ նրան, եթե տեղյակ չլինեինք, որ վերջին հինգ տարում ինքն ու իր թիմն են ղեկավարել երկիրը, և թե քանի քայլ առաջ ու քանի քայլ ետ է գնացել Հայաստանը:
Ներկաների շրջանում մեր հարցուփորձից պարզվեց, որ ինչպես և Սերժ Սարգսյանի մյուս հանդիպումների ժամանակ, ներկա են հիմնականում դպրոցների, մանկապարտեզների, պոլիկլինիկաների աշխատակիցները: Թաղապետարաններն էին լծվել գործի ու մարդկանց հրավիրատոմսեր բաժանելով` բերել համալիր: Դրան էին գումարվել ՀՀԿ գործարարների աշխատողները. օրինակ` Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթիի» և այլն:
Սերժ Սարգսյանի ելույթի ավարտից հետո ՀՀԿ պատգամավորներն ու պաշտոնյաները արագ հեռացան` դահլիճի հարթակը թողնելով պարող երիտասարդներին: Ելույթից հետո համերգ էր շուո բիզնեսի աստղերի մասնակցությամբ:
Չնայած ՀՀԿ թեկնածուն ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, որ ներկա են և սատարում են իրեն, մեզ հետ զրուցած որոշ ուսանողներ տեղյակ չէին եղել, որ հանդիպում է լինելու Սերժ Սարգսյանի հետ. «Մեզ ասել են ձրի համերգ ա, եկել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց հարթակում պարող ԵՊՀ մի ուսանողուհի: Նա համալսարանից էր իմացել միջոցառման մասին, հրավիրատոմսերն էլ այնտեղից էին տվել: Էլի կային ուսանողներ այլ բուհերից, ովքեր համերգի համար էին եկել համալիր:
Ի դեպ, երեկ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ուսանողների ու աշակերտների պակաս չկար: Բուհերի ղեկավարներն ու ուսխորհուրդներն ամեն ինչ արել էին ուսանողների մասնակցությունն ապահովելու համար: Կազմակերպչական հարցերով` շարֆեր ու դրոշակներ բաժանելով զբաղված էին ճարտարապետաշինարարականի ուսանողները: Ճարտարագիտականի ռեկտորն անձամբ էր ասել ուսանողներին, որ գնան միջոցառման: Մեր հարցին, թե ինչպես եք իմացել հանդիպման մասին, բուհի ուսանողն ասաց. «Ռեկտորն է ասել»: Ուսանողի անունը չենք գրում նրան «հնարավոր զարգացումներից» ազատելու համար: Միջոցառման համար հրավիրատոմսեր էին բաժանել Մանկավարժականի, Բրյուսովի անվան լեզվաբանականի, Տնտեսագիտական, Ագրարային համալսարանի, ԵՊՀ-ի ուսխորհուրդները: «Այո, ուսխորհուրդն է տվել Տնտեսագիտական համալսարանի: Ես մասնակցություն եմ ունեցել հրավիրատոմսերը բաժանելու գործին»,- ասաց նույն բուհի ուսանող Էդուարդ Գրիգորյանը: Նույն սցենարով եկել էին նաև ոչ պետական բուհերից` Հյուսիսային համալսարանից, Ֆինանսական համալսարանից և այլն: ԵՊՀ-ի հրավիրատոմսերը հիմնականում բաժանել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը, իսկ մշակույթի կենտրոնի պարի խումբը բեմում պարում էր ՀՀԿ պատգամավորուհի Շուշան Պետրոսյանի հետ: Մեզ հետ զրուցած ուսանողներն ասացին, որ ԵՊՀ-ում տոմսեր էր բաժանել նաև ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որն, ի դեպ, պետական գումարներով է գործում և պարտավոր է ապակուսակցական գործունեություն վարել:
Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ում և ուղղեցինք մեր հարցերը: «Երբևէ ոչ ես, ոչ պրոռեկտորը, ոչ դեկանները, որևէ մեկը քարոզչություն ուսանողներին չի արել: Ուսխորհրդի միջոցով էլ չի արվել: Եթե էստեղ կան մեր ուսանողներից, ես բացարձակ տեղյակ չեմ: Ես եկել եմ որպես ՀՀԿ-ական իմ ազատ ժամին: Ուսանողներից ովքեր կան, գաղափար չունեմ: Հետո ո՞վ ասաց, որ ուսանողին չեն կարող տոմս տալ, ով ասաց դա: Եթե համերգ էր, համերգի տոմս չե՞ն կարող տալ»,- հարց ուղղեց ԵՊՀ ռեկտորը: Մեր դիտարկմանը, թե սա քարոզչական միջոցառում է, ի՞նչ համերգ, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Երեխան կամ ուսանողը, կամ մեծահասակը քարոզչությանը չի կարող մասնակցել իր դասի, իր աշխատանքի պահին: Դրանից հետո նա ազատ ա, ինչ ուզում է, թող անի: Ուսխորհրդի կողմից չի կազմակերպվել»: Նկատենք, սակայն, որ թեկնածուի քարոզչանյութերը բաժանվել են բուհում, դա արդեն իսկ քարոզչություն է և օրենքի խախտում:
Մանկավարժական համալսարանի ուսխորհուրդն էր ակտիվ քարոզչություն արել ու հրավիրատոմսեր բաժանել: «Ասել են, համերգ ա լինելու, մենք էլ եկել ենք»,-ասաց մանկավարժականի ուսանող Գևորգ Արմենակյանը:
Աշակերտներ ևս կային. օրինակ` մի ամբողջ դասարան եկել էր Նոր Գեղի թիվ մեկ միջնակարգ դպրոցից, դասղեկն էր բերել: Թաղապետարանները ևս լծվել են այդ գործին: «Մեզ թաղապետարանի Իվանն ա ուղարկել»,- ասաց Նորք-Մարաշի բնակիչ Վարդուշ Մելքոնյանը: Էրեբունու թաղապետարանն էլ էր հրավիրատոմսեր բաժանել, ըստ ցանկության: «Մեզ դպրոցում են տոմսերը տվել»,- ասաց մի ուսուցչուհի: «Երկաթգծի պոլիկլինիկայում ենք աշխատում, տոմսեր են տվել: Ասել են` հանդիպում է, և համերգ է լինելու»,- ասաց մեր մյուս զրուցակիցը` կրկին չցանկանալով ներկայանալ:
Ասել է թե` «ապահով Հայաստանում» և ծափ տվողներն էին վերահսկելի, և պարողները:









































