Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի «Մուրճ և մանգաղ» նկարը լոնդոնյան Phillips աճուրդում վաճառվել է 384 հազար դոլարով: Այդ մասին հայտնել են աճուրդի տան ներկայացուցիչները: Սկզբում կազմակերպիչներն աշխատանքի համար ակնկալում էին 310-465 հազար դոլար: Նկարը գնել է արվեստի նմուշների վաճառքով զբաղվող մեկը, ով նյույորքցի է և գերադասել է, որ իր անունը չհրապարակվի:
Նկարում սպիտակ ֆոնի վրա սև ու կարմիր մուրճ ու մանգաղ է պատկերված: Նկարչին անձամբ ճանաչողներն ասում են, որ տվյալ նկարի մտահղացումը նրա մոտ առաջացել է այն ժամանակ, երբ Իտալիայում շրջագայելիս պատի վրա նկարված մուրճ և մանգաղ է տեսել: Նկարիչը չի ունեցել կոմունիստական և սոցիալիստական հայացքներ: Նա հույս է ունեցել, որ նկարը կոմերցիոն առումով շահութաբեր կլինի: Նկարը ստեղծվել է 1977 թ.:
Էնդի Ուորհոլն իր գործունեության 40 տարիների ընթացքում անցել է երկար ուղի` գովազդների նկարազարդումից մինչև համաշխարհային մեծության նկարիչ: Ներկայումս նրա նկարներն աշխարհի ամենաթանկ արվեստի գործերի շարքում են: Նրա նկարներից «Ութ Էլվիսները» վաճառվել է 100 մլն դոլարով: Նրա կտավների արժեքը մեծացավ հատկապես 1987 թ. իր մահից հետո:
Լոնդոնյան վերոհիշյալ աճուրդում վաճառվող ամենաթանկարժեք իրերի շարքում են եղել նկարիչ Քրիստոֆեր Վուլի «aնանուն» աշխատանքը, որը վաճառվել է 2,6 մլն դոլարով, բրիտանացի նկարչուհի Սեսիլ Բրաունի «Դեպի արևելք՝ Էդեմից» նկարը (1,1 մլն դոլար): Ընդհանուր առմամբ աճուրդում կայացել է 15 մլն դոլարի գործարք: Ակնկալվում էր, որ այդ թիվը 10-22 մլն կլիներ:










































