Պրիմատոլոգները Կոնգոյի Հանրապետությունում կատարել են Բուվյե կարմիր կոլոբուսի (Piliocolobus pennantii bouvieri) լուսանկարներ՝ հազվագյուտ կապիկի, որին վերջին անգամ տեսել են ավելի քան կես դար առաջ և համարում էին անհետացած: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վայրի բնության պահպանության միության (WCS) մամլո ծառայությանը:
«Հաստատումը, որ Բուվյե կոլոբուսները դեռ բարգավաճում են Աֆրիկայի այս անկյունում, հերթական անգամ մեզ բոլորիս հիշեցնում է, որ Երկրի վրա դեռ մնացել են վայրի բուսական և կենդանական աշխարհով կուսական վայրեր: Դա մեզ պետք է ստիպի փորձել փրկել նրանց մինչ այն, երբ արդեն չափազանց ուշ կլինի դա անելու համար»,- հայտարարել է WCS-ի փոխնախագահ Ջեյմս Դոյչը:
Այս բացահայտումն արել են պրիմատոլոգներ Լիվեն Դևրիզը և Գել Գոբոլոն, որոնք արշավի են գնացել վերջերս Կոնգոյի տարածքում ստեղծված Նտոկու-Պիկունդա ազգային պարկ գորիլաների և այլ կապիկների կյանքին հետևելու:
2015թ. փետրվարին Դևրիզը և Գոբոլոն մտահղացել են փորձել լուսանկարել Բուվյե կարմիր կոլոբուսին, որի պոպուլյացիաները Կոնգոյի տարածքում եղել են 50 տարի առաջ:
Տեղի բնակիչների շնորհիվ, որոնք լավ գիտեն այդ հազվագյուտ պրիմատների սովորություններն ու վարքը, Դևրիզին և Գոբոլոյին հաջողվել է կոլոբուսների ընտանիք գտնել, որոնք ապրում են Բոկիբա գետի ափերից ոչ հեռու: Նրանք կատարել են կապիկների մի շարք լուսանկարներ և հետևել են նրանց վարքին՝ համալրելով գիտական գիտելիքները:
Այս բացահայտումը Բուվյե կոլոբուսներին հանել է հավանական անհետացածների շարքից, սակայն այդ տեսակին նախկինի պես անհետացում է սպառնում: Այդ կապիկները մարդկանցից չեն վախենում և չեն փորձում փախչել, ինչը նրանց հեշտ որս է դարձնում որսագողերի համար, որոնք ցանկացած պրիմատի սպանում են դրանց միսը վաճառելու համար:











































