Բուլղարիայի ոստիկանությունը երկրից արտաքսել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման պատվիրակությանը, որը Բուլղարիայում էր գտնվում մասնավոր այցով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Դնևնիկ» տեղի թերթը:
Թերթի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան ոստիկանները ժամանել են հյուրանոց, որտեղ գտնվել են շարժման երեք ներկայացուցիչներ՝ պատվիրակությանն օդանավակայան ուղեկցելու համար, որտեղից նրանք մեկնել են Ստամբուլ:
Agence France Presse գործակալությունը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի անդամներին, հաղորդել է, որ նրանք նախատեսում էին հանդիպել Բուլղարիայի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական գործիչների հետ:
Պարզվել է, որ պաղեստինցիները հանդիպել են միայն Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Նրանք մտադիր էին Սոֆիայում մնալ երեք օր:
«ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների այցը որևէ առնչություն չունի Բուլղարիայի կառավարության հետ»,- թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է կենտրոնի տնօրենը, որը Սոֆիայում հանդիպել է պաղեստինյան ներկայացուցիչների հետ:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակության բոլոր երեք անդամներն ունեցել են սովորական զբոսաշրջային վիզաներ, որոնք տրվել են Կահիրեում Բուլղարիայի դեսպանատանը:
Շարժման ներկայացուցիչներն իրենց բողոքն են արտահայտել Բուլղարիայի իշխանությունների գործողությունների դեմ:
«Բուլղարիայի իշխանությունները պաղեստինցի պատգամավորներին ստիպել են ուղևորվել Սոֆիայի օդանավակայան՝ արտաքսվելու համար… մենք բողոք ենք արտահայտում այս երկրի իշխանությունների գործողությունների դեմ և համարում ենք, որ Բուլղարիայի կառավարությունը գործել է Իսրայելի ճնշման ներքո»,- ասել է Գազայի հատվածում խմբավորման ներկայացուցիչներից մեկը:
Նշենք, որ Բուլղարիան Եվրամիության անդամ է, իսկ վերջինս 2003թ. ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն:









































