Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԲ շենքի մաքրման գործընթացը Կենտրոնական բանկը փակ մրցույթով փետրվարի 1-ից հանձնել է մասնավոր Karcher ընկերությանը: Բանկի մաքրությամբ զբաղվող 36 աշխատակիցների հետ վաղաժամ դադարեցվել են աշխատանքային պայմանագրերը և նրանք դարձել են մասնավոր Karcher ընկերության աշխատողներ` զրկվելով պրեմիաներից և հանգստի ու կրթության սոց. փաթեթներից, որոնք նախկինում ապահովում էր պետական բանկը: Ի դեպ, չնայած ԱԺ-ում ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններին, թե ԿԲ հավաքարարները պատգամավորներից շատ գումար են ստանում, պարզվում է` ԿԲ հավաքարարները, ի տարբերություն ԿԲ այլ աշխատակիցների, ստանում են ընդամենը 70-90 հազար դրամ աշխատավարձ: Ստացվում է՝ ԿԲ ղեկավարության աչքը հավաքարարների պրեմիաների վրա էր:
Ուշագրավն այն է, որ ԿԲ-ն փակ մրցույթ է հայտարարել և ընտրել Karcher-ին: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ԿԲ-ն փակ մրցույթ իրականացրել, եթե Karcher-ի հետ գործարքը կապ չունի փողերի լվացման կամ «ատկատի» հետ, ԿԲ-ից պատասխանել են. «Տվյալ գործարքը փողերի լվացում կամ «ատկատ» դիտարկելու վերաբերյալ նշենք, որ Կենտրոնական բանկում երբևէ չի կիրառվել և չի կիրառվում «ատկատի» մեխանիզմներ: Եթե Ձեզ հայտնի է այդ մասին, խնդրում ենք տեղեկացնել մեզ»: Ապա հավելել են, թե ԿԲ-ն բաց մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսել. «Կենտրոնական բանկը տարածքների մաքրման ծառայությունները «աութսորս»-ի ենթարկելու նպատակով ուսումնասիրել է ՀՀ-ում նման գործունեություն ծավալող մասնագիտացված ընկերությունների շուկան՝ օգտվելով բաց աղբյուրներից: Ուսումնասիրության արդյունքում զտվել են 7 ընկերություններ, որոնք մեծ տարածքների մաքրման ծառայությունների փորձ ունեն: Այս պարագայում բաց մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն չկա՝ այդ իսկ պատճառով անցկացվել է փակ մրցույթ: Բոլոր 7 ընկերություններին ուղարկվել են մրցութային փաթեթներ. մրցութային առաջարկություններ ներկայացրել են 5 ընկերություններ: ԿԲ մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված առաջարկները, որի արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել «Կերխեր սերվիս» ընկերությունը»:
Մեր հարցին, թե արդյո՞ք նախկինում շենքի մաքրության պահպանությունը բավարար չի եղել, որ ԿԲ–ն որոշել է դիմել միջնորդ կազմակերպության, ԿԲ-ից պատասխանում են. «ԿԲ-ը հետապնդել է ծառայությունների որակի բարձրացման նպատակ»: Սա այն դեպքում, երբ այժմ էլ շենքի մաքրության գործընթացն իրականացվում է նույն աշխատակիցների միջոցով:
ԿԲ-ից չեն պատասխանել, թե որքա՞ն գումար է ԿԲ-ն ծախսել մաքրության վրա նախկինում, և որքան է ծախսում այժմ, երբ փաստացի առկա է միջնորդ կազմակերպություն: «Տարածքների մաքրման աշխատանքների կատարումը «Կերխեր սերվիս» ընկերությանը փոխանցելու արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի ծախսերը ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են»,-հայտարարում են ԿԲ-ից, ինչը անհավանական է, քանի որ այժմ նույն աշխատակիցներին ղեկավարում է միջնորդ կազմակերպությունը: Արդյունքում ստացվում է, որ ԿԲ-ն միջոցները խնայել է հավաքարարների պրեմիաների ու սոցփաթեթների հաշվին: Սա այն դեպքում, երբ հավաքարարները մոտ 10 անգամ պակաս աշխատավարձ են ստանում մյուս աշխատակիցներից: Էլ չենք խոսում ղեկավարության աշխատավարձերի մասին:
Կենտրոնական բանկը հայտարարում է, թե, առանց «Կերխեր սերվիս» ընկերության համաձայնության, չի կարող հայտնել «Կերխեր սերվիս» ընկերությանը վճարվող գումարի չափի մասին տեղեկություն, «քանի որ այդ տեղեկությունը պարունակում է առևտրային գաղտնիք»: Ուշագրավ է, որ Kercher-ի սեփականատեր Մկրտիչ Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում հրաժարվեց նշել գումարի չափը՝ պատճառաբանելով, թե առանց ԿԲ-ի համաձայնության չի կարող դա անել:
Մեզ դիմած աշխատակիցներն ասել են, որ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելուց հետո նրանց վերջնահաշվարկ չի տրվել, փոխարենը ասել են՝ մենք ձեզ աշխատանքով ապահովում ենք: ԿԲ-ից հերքում են աշխատակիցների այս պնդումը. «Այս տեղեկությունն իրականության չի համապատասխանում՝ ԿԲ բոլոր նախկին աշխատակից հավաքարարներին տրվել է վերջնահաշվարկ»:
Քանի որ բանկն է ընտրել մասնավոր ընկերությանը, հարցրինք, թե ի՞նչ է պատրաստվում անել հավաքարարների դժգոհության հետ կապված, որոնց Karcher-ը զրկել է բանկի հավաքարարներին հասանելիք հավելավճարներից և հանգստի ու կրթության փաթեթներից: «Պարգևատրումներն ու սոցիալական փաթեթները կարող են տրամադրվել միայն գործատուի կողմից կիսամյակային կամ տարեկան կտրվածքով՝ տվյալ կազմակերպության քաղաքականության համաձայն»,- փաստացի ձեռքերը լվանալով՝ պատասխանում են բանկից:
Kercher-ի սեփականատեր Մկրտիչ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց ասել, թե որքան գումար է բանկը տալիս իրենց միջնորդական ծառայությունների դիմաց: «Ատկատի հարց չի եղել»,- մեր հարցին ի պատասխան հայտարարեց սեփականատերը՝ հավելելով. «Միամիտ հարցեր եք տալիս: Ո՞նց կարող է ԿԲ-ի հետ ատկատի հարց լինի: Իրենց պրոֆեսիոնալ է պետք: Մենք մեր գործում պրոֆեսիոնալ ենք: Չնչին բան ա, ձեզ թող չթվա՝ մեծ գումարներ ենք վաստակում»: Նրա խոսքերով՝ «պրեմիաներ չեն լինելու, բայց էդ պրեմիաները, ինչքան իրենք ստանում են, բաժանելու ենք 12 ամսի, ու իրենք ստանալու են ամսական»: Սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ աշխատավարձերի չափն արդեն հաստատվել է, և պրեմիաների ֆոնդի հաշվին որևէ բարձրացման մասին խոսք չկա: Կրթության և հանգստի փաթեթների առթիվ, որոնք ապահովել է պետական բանկը, Karcher-ի սեփականատերն ասաց. «Ես էդ փաթեթներին ծանոթ չեմ: Կրթության ո՞ր փաթեթն է: Ես չգիտեմ՝ բանկը ոնց է արել, մերը կոմերցիոն հիմնարկ է: Մենք տենդերը շահել ենք, որով գինը երևում է պարզ, ինչ գին են տալիս, մենք ինչ գին ենք տալիս: Բանկը շեշտել է այն գումարները, որոնք պարտավոր են վճարել»:










































