ԱՄՆ-ում Դիքսոն քաղաքի ղեկավարությունում աշխատող 60-ամյա Ռիտա Քրանդուելին դատարանը դատապարտել է 19 տարվա և 7 ամսվա ազատազրկման,- գրում է The Chicago Tribune-ը: Նրան մեղավոր են ճանաչել ավելի քան 53 մլն դոլար պետական գանձարանից առևանգելու համար:
Դատախազությունը խնդրել է դատապարտել Քրանդուելին 20 տարվա ազատազրկման, իսկ փաստաբանը` մեղմացնել պատիժը մինչև 13 տարվա, քանի որ նրա պաշտպանյալը համագործակցել է հետաքննության հետ:
Դատավոր Ֆիլիպ Ռեյնհարդը ընդգծել է, որ մեղադրյալը ճոխ կյանք է վարել այն փողերով, որոնք իրեն չեն պատկանել և բնավ էլ չի մտածել այն մարդկանց բարեկեցության մասին, որոնց բարեկեցության մասին պետք է մտածեր իր պաշտոնին համապատասխան:
Իշխանությունները զբաղված են դատապարտվածի ունեցվածքի վաճառքով, որպեսզի գոնե փոխհատուցեն այն վնասը, որը հասցվել է պետությանը նրա հանցավոր գործունեության պատճառով։ Նրանց հաջողվել էր 400 ձիերի վաճառքից ստանալ 11 մլն դոլար: Այդ գումարները կվերադարձվեն քաղաքային բյուջե:








































