Եվրոպայի 13 երկրներում պահածոյացված տավարի մսի անվան տակ վաճառվել է 750 տոննա ձիու միս՝ հայտնում է ITAR-TASS-ը: Նման տվյալներ է հրապարակել Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մրցակցության, զեղծարարությունների դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչությունը:
Ինչպես այսօր հայտարարել են ֆրանսիական ԶԼՄ-ները, այսպիսով՝ երկրի իշխանությունները առաջին անգամ են հրապարակել եվրոպական «մսային սկանդալի» տվյալները: Մինչ այդ պետությունը հայտարարել էր երկրի տարածքում պահածոյացված մսի փոխարինման միայն առանձին դեպքերի մասին:
750 տոննա մսից 550 տոննան մատակարարվել են Լյուքսեմբուրգում տեղակայված ֆրանսիական Comigel գործարանից: Ընդ որում՝ պահածոների տուփերին փակցված են եղել «Եվրոպական ծագման պահածոյացված միս» պիտակներ: Սակայն շտրիխ կոդի ստուգման ժամանակ պարզվել էր, որ դա ձիու միս է: Comigel-ը այդ միսը մատակարարել էր եվրոպական 13 երկրների 28 ընկերությունների:
Եվրոպայում «մսային սկանդալը» ծագեց մի քանի օր առաջ, երբ ԵՄ տարբեր սուպերմարկետների վաճառասեղաններին պահածոյացված տավարի մսի փոխարեն հայտնվեց ձիու միս:
Նման դեպքեր էին գրանցվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում:
Ներկայում գործի հետաքննությանը միացել է Եվրոպոլը:








































