Համաշխարհային տնտեսության օրենքները պետք է գրի ԱՄՆ-ը, ոչ թե Չինաստանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված հատուկ ուղերձում, որտեղ քննարկվում է Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին առևտրային պայմանագիր ստորագրելիս Սպիտակ տանը լիազորություններ տրամադրելու հարցը՝ գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ երկու կուսակցություններն էլ մտցրել են օրինագիծ նախագահին հատուկ առևտրային լիազորություններ տրամադրելու մասին: Եթե օրինագիծն ընդունվի, ԱՄՆ վարչակազմը կկարողանա կնքել առևտրային պայմանագրեր, որոնք Կոնգրեսն իրավունք կունենա միայն հավանության արժանացնել կամ մերժել՝ առանց ուղղումների: Սպիտակ տունը հույս ունի այդ լիազորություններն օգտագործել՝ հեռացնելու համար առևտրային անջրպետները խաղաղօվկիանոսյան երկրների միջև, որոնց բաժին է հասնում համաշխարհային տնտեսության 40 տոկոսը և համաշխարհային առևտրի մեկ երրորդը։
«Երբ մեր պոտենցիալ գնորդների 95 տոկոսը բնակվում է արտասահմանում, մենք պետք է վստահ լինենք, որ մենք ենք օրենքներ գրում գլոբալ տնտեսության համար և ոչ թե Չինաստանի նման երկրները»,- ասել է նախագահը:
«Մեր արտահանումն աջակցում է ավելի քան 11 մլն աշխատատեղերի, և մենք գիտենք, որ արտահանող երկրներն առավել բարձր աշխատավարձ են վճարում, քան մյուսները: Այսօր մենք հնարավորություն ունենք ապրանքների և ծառայությունների համար ավելի շատ շուկաներ բացել, որոնք կհենվեն հպարտություն առաջացնող բառերի վրա՝ «Պատրաստված է Ամերիկայում»»,- ասվում է Օբամայի ուղերձում: