«Իմ երկրում ապրում է 100 հազար հայ: Նրանք ոչ մեկից չեն տարբերվում: Մեր երկրում եղե՞լ է նրանց դեմ ինչ-որ վերաբերմունք: Մեր քաղաքացի չեղող հայեր կան, մենք կարող ենք նրանց արտաքսել, սակայն չենք անում դա»,- երեկ Ղազախստան մեկնելուց առաջ անդրադառնալով Եվրախորհրդի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևին և Հռոմի պապի հյատարարություններին՝ ասել է Թուրքիայի նախագահը և հավելել, որ այդ հայտարարություններն իր համար կարևոր չեն, դրանք «իր մի ականջից մտնում են, մյուսից՝ դուրս գալիս»:
Ինչ վերաբերում է այնտեղ ապրող հայերին, ճիշտ է, գուցե նրանց նեղություն չեն տալիս, չեն արտաքսում, բայցև պահում են անորոշ և կախյալ վիճակում՝ չտալով ոչ մի իրավունք, հնարավորություն չընձեռելով նրանց նորմալ աշխատանք գտնել, լավ վաստակել, օգտվել ապահովագրություններից, որակյալ կրթություն ստանալ: Հայերը Թուրքիայում հիմնականում զբաղվում են տան մաքրության աշխատանքներով, դայակությամբ, երեխաների են խնամում, պայուսակի, կոշիկի ֆաբրիկաներում են աշխատում, խանութներում որպես վաճառողուհի են աշխատում: Այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունն էլ առանձնապես բարձր չէ: Ամենացածր աշխատավարձը 600 ԱՄՆ դոլարն է, երբեմն հայերը վաստակում են մինչև 1000-1500 դոլար, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ այնտեղ ապրող հայերը մեծամասամբ վարձով են ապրում, իսկ վարձով բնակարանները բավական թանկ են, պատկերը մխիթարական չէ: Երբեմն հենց դրա պատճառով 2-3 ընտանիքներ գերադասում են մեկ բնակարան վարձել, սենյակները բաժանել և կիսել վարձն ու կոմունալ վճարները, որպեսզի վաստակածով կարողանան հոգալ նվազագույն ծախսերը:
«Այստեղ բոլոր ոստիկանները անգիր գիտեն, թե որ փողոցում, որ տանը քանի հայ է ապրում, բայց ոչ մի նեղություն չեն տալիս: Բայց այստեղ հայաստանցու կրած նեղությունը սոցիալական է: Չունենալով իրավական ոչ մի հիմք, իրավունք, ապահովագրություն՝ չեն կարողանում օգտվել շատ ծառայություններից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանցի երեխաների համար բացված Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցի հիմնադիր տնօրեն Հերիքնազ Ավագյանը: Նրա խոսքով՝ քաղաքացիություն կամ կացության իրավունք ստանալու գործընթացը նույնպես շատ բարդ է, սակայն դա բարդ է ոչ միայն հայերի համար, այլև բոլոր միգրանտների:
«Ես չգիտեմ, թե եվրոպական քանի երկրում քաղաքացիություն ստանալը ինչպես է, բայց այստեղ քաղաքացիություն ստանալ-չստանալը զուտ հայի հանդեպ չէ, այլ ցանկացած երկրից գաղթածի: Ադրբեջանից, Ռուսաստանից, Սիրիայից, Աֆրիկայից և այլ երկրներից Թուրքիա եկածների համար նույն օրենքն է ու նույն դժվարությունները: Քաղաքացիության հետ կապված դժվարությունները նույնն են թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների, և թե՛ մյուսների համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ երբ ինքն էր քաղաքացիության համար դիմել, հարցազրույցներին մասնակցելիս անձամբ է համոզվել, որ այդ հարցում գաղթականենրի միջև ազգային խտրականություն չի դրսևորվել: «Այստեղ շատ դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները ընդհանուր են բոլորի համար»,- ասաց նա:
Հերիքնազի խոսքով՝ 100-րդ տարելիցին ընդառաջ վիճակը բավական լարված է Թուրքիայում, սակայն Թուրքիան բազմաշերտ է, և կան մարդիկ, ովքեր ընդունում և դատապարտում են 100 տարի առաջ տեղի ունեցածը:
«Իհարկե կան մարդիկ, ովքեր հոխորտում են, կան ազգայնամոլներ, կան մարդիկ, որ ասում են, որ հայերն են իրենց կոտորել, և կան մարդիկ, որ ընդունում են իրենց պապերի մեղքը և ներողություն են խնդրում: Կա այսօր այս բազմաշերտությունը և լարվածությոնը, որը լինում է ամեն ապրիլի 24-ին»,- ասաց հայկական դպրոցի հիմնադիրը՝ հավելելով, որ ինքն այդ օրը պարտադիր իր սաներին հերթական անգամ պատմում է Ցեղասպանության մասին, սակայն աշխատում է, որ սաների սիրտն ատելությամբ չլցվի թուրքերի հանդեպ:
«Ապրիլի 24-ին մենք մեր դիրքն ունենք ու կարծիքը: Մեր երխաները սովորում են Հայաստանից բերված գրքերով: Մենք պատմում ենք, որ Ցեղասպանություն է եղել, որն անհերքելի փաստ է, բայց ես չեմ ուզում իմ սաների սիրտն ատելությամբ լցնել, ինչպես մեր սիրտն են լցրել: Մենք պահանջատեր ենք, չենք հրաժարվում կատարվածից, բայց ես իմ կյանքում որոշակի փոփոխություններ եմ կատարել և կարծում եմ, որ այսօր Հայաստանը ավելի շատ պետք է մտածի՝ ինչպես իր երկիրը ոտքի կանգնեցնի, սոցիալական ծանր վիճակից դուրս բերի, քան աշխատի Թուրքիային Ցեղասպանությունը ընդունել տալու ուղղությամբ: Այսօր մեր երկիրն այնպիսի քայքայված վիճակում է, որ կարծես նորից՝ բայց արդեն անարյուն ցեղասպանություն է ապրում, արդեն ոչ թուրքերի կողմից»:





















































